
Պուտինը ստորագրել է Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանը: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Խոդորկովսկուն պատժի հետագա կրումից ազատելու հարցում Պուտինն «առաջնորդվել» է մարդասիրական սկզբունքներով: Հրամանն օրենքի ուժ է ստացել ստորագրման պահից սկսած:
Հիշեցնենք, որ ռուսական Коммерсантъ թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Խոդորկովսկին երկրի նախագահին ներման մասին դիմում է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ զրույցից հետո, որին ներկա չեն գտնվել բանտարկյալի փաստաբանները: