Խոդորկովսկին ներման մասին դիմում է գրել հատուկ ծառայությունների հետ զրույցից հետո. Коммерсантъ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ներման մասին դիմում է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ զրույցից հետո: Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ զրույցը կայացել է ոչ վաղ անցյալում, դրա ժամանակ բանտարկյալին պատմել են ուռուցքային հիվանդությամբ տառապող մոր առողջական վիճակի վատթարանալու և քրեական նոր գործի մասին, որն ուր որ է՝ պետք է հարուցվի:
Զրույցն անցել է առանց փաստաբանների մասնակցության, հենց այդ զրույցն է Խոդորկովսկուն հարկադրել ներման խնդրանքով դիմել երկրի նախագահին: Միխայիլ Խոդորկովսկու մայր Մարինա Խոդորկովսկայան դժվարացել է պատասխանել թերթի հարցին, թե ներման մասին դիմումը որդին գրել է անձա՞մբ, թե՞ ինչ-որ մեկի թելադրանքով կամ ճնշման տակ: Մարինան ընդգծել է, որ դիմումի մասին իմացել է ԶԼՄ-ներից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ մոտ ժամանակներս ներում կշնորհի Խոդորկովսկուն: