
«Շահ Դենիզ 2»-ը 21-րդ դարի նախագիծ է. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Շահ Դենիզ 2» նախագիծն առանցքային դեր կխաղա երկրի զարգացման ու ժողովրդի բարեկեցության մեջ.
«Շահ Դենիզ 2-ը 21-րդ դարի նախագիծ է, այն Ադրբեջանի պատմական մեծ հաջողությունն է: Միանշանակ է, որ Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը կանխամտածված քաղաքականություն է»:
Ալիևը հիշեցրել է երկու օր առաջ Բաքվում «Շահ Դենիզ 2» նախագծի շուրջ համաձայնագրի ստորագրումը, որին մասնակցել են եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
«Շահ Դենիզ 2» նախագծի իրագործումը գնահատվում է 25 միլիարդ դոլար, դրա շրջանակներում տարեկան կարտահանվի 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդը նախատեսված է Թուրքիայի, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Այդ գազային հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր: