
Փաստաթղթերից զրկված անձինք կարող են դիմել ԱԳՆ

Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունն այսօր սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք: Խնդիրը հրատապ է Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան եկած հայազգի քաղաքացիների համար:
Իր նիստում կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի նշումից բացի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այդ գործառույթը կկազմակերպի նաև սահմանային անցման կետերում: Մեկ այլ որոշմամբ համապատասխան լրացում է կատարվել ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության մեջ: