ԵՄ-ն Ուկրաինայի համար չի պայքարի Ռուսաստանի հետ. Լինաս Լինկյավիչուս
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը մեկնաբանել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները (գազային զեղչ և դրամական միջոցների տրամադրում).
«ԵՄ-ը Ուկրաինայի համար չի պայքարելու Ռուսաստանի հետ: Սա ո՛չ բռնցքամարտ է, ո՛չ էլ ըմբշամարտ, և անգամ՝ աճուրդ, երբ մրցում են, թե ով կվճարի ավելի բարձր գին: Պետք է հետ քաշվել այդ սխեմայից: Ընտրությունը երկրինն է, նրա իշխանություններինը, սակայն մենք ընդգծում ենք, որ ցանկանում ենք, որ այդ ընտրությունը լինի ազատ:
Ուկրաինային անհրաժեշտ են ռազմավարական բարեփոխումներ ու արդիականացում և ոչ թե պայմանավորվածություններ Մոսկվայում, որոնք միայն լուծում են տնտեսական կարճաժամկետ խնդիրներ:
Դեռ դժվար է 100 տոկոսով դատել մոսկովյան պայմանավորվածությունների մասին, քանի որ մենք չենք տիրապետում ողջ տեղեկատվությանը, և կցանկանայինք, որ այն ստանայինք մեր ուկրաինացի գործընկերներից:
Ամեն դեպքում Ուկրաինային անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված երկրի արդիկանացմանը, նրա մրցունակության բարձրացմանը: Մինչդեռ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները միտված են կարճաժամկետ խնդիրների լուծմանը, որոնք, բնականաբար, գոյություն ունեն: Դրա համար էլ կարելի է խոսել միայն մասնակի հաջողության մասին»:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian թերթը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Ուկրաինայի համար պայքարի նշաձողը՝ Ուկրաինայի համար 1/3-ով կրճատելով ռուսական գազի գինը և համաձայնվելով տրամադրել 15 միլիարդ դոլար: