
Վլադիմիր Պուտինը բարձրացրեց Ուկրաինայի ապագայի համար պայքարի նշաձողը. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրեց Ուկրաինայի ապագայի համար պայքարի նշաձողը՝ հայտարարելով, որ Մոսկվան 15 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պետական պարտատոմսերի գնմանը և Ուկրաինայի համար ռուսական գազի գինը (1/3-ով) զեղչելու մասին:
Տնտեսական փորձագետների գնահատմամբ՝ Ուկրաինան առաջիկա ամիսներին հույժ կարիք ունի 10 միլիարդ դոլարի՝ սնանկանալուց խուսափելու համար: Թերթն ընդգծում է, որ Պուտինը երեկ փորձել է հանդարտեցնել Կիևում բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարներին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ չի քննարկել Մաքսային միությանը Ուկրաիանայի անդամակցելու հեռանկարը և Ուկրաինան որակելով որպես «ռազմավարական գործընկեր ու դաշնակից»:
Յանուկովիչն իր հերթին համաձայնագիրը որակել էր որպես «ռազմավարական» և ընդգծել, որ երկու կողմն էլ պետք է աշխատեն ավելի լավ՝ հետագայում առավել սերտ հարաբերություններ զարգացնելու համար:
Միևնույն ժամանակ ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային օգնելը հանդիսանում է Պուտինի համարձակ ու ռիսկային քայլը՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայում տիրում է քաոսային իրավիճակ և որ փողոցներում շարունակում են մնալ հազարավոր ցուցարարներ: Թերթը գրում է, որ Վլադիմիր Պուտինը թերևս հաղթանակ տարավ Ուկրաինայում ազդեցության համար Եվրոպայի հետ մրցակցությունում: