
Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի 2014 թվականի մայիսին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է այցելելու 2014 թվականի մայիսին:
Այս մասին Օլանդը հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի (CCAF) ներակայացուցիչներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի ու Ալեքսիս Գովջիյանի հետ հանդիպման ժամանակ:
Nouvelles d’Arménie-ն հայտնել է, որ հանդիպման ժամանակ Օլանդը բարձր է գնահատել CCAF-ի գործունեությունը՝ կապված հայկական մշակույթի ու հուշարձանների պահպանման հետ:
CCAF-ի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել ազգային հուշահամալիրի նախագիծը, որի կառուցումն աջակցություն է գտել Օլանդի կողմից: Նրանք քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների նախապատրաստման հարցը: