Արմեն Մովսիսյան. Դեսպանին հարցրեք` ինչո՞ւ է այդպես ասում… Ես ասում եմ էն, ինչ որ կա

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր և Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում Իրանի դեսպանի և Ձեր հակասական հայտարարությունները, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Դեսպանին հարցրեք` ինչո՞ւ է այդպես ասում»:

Մեր դիտարկմանը, թե Իրանի դեսպանը հայտարարում է, որ գազի ներկրման հարցով Հայաստանն իրենց հետ բանակցություններ չի վարել, նախարարը պատասխանեց. «Ես ասում եմ էն, ինչ որ կա»:

Ավելի վաղ, երբ Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը հակառակն էր պնդել՝ ասելով. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:

Մեր հարցին, թե որտեղի՞ց էր հրապարակել այդ թիվը՝ 400 դոլար, երբ իրանական կողմից հետ բանակցություններ չեն տարվել, նախարարը կրկնեց. «400-ից բարձր է… սա այն թիվն է, որն իրենք են հայտարարել»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը Իրանի հետ գազի ներկրման հարցով պաշտոնական բանակցություններ վարի, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Եթե պնդեն իրենց ասածները՝ անպայման»:

Թե ո՞ր «ասածները պնդեն»՝ նախարարը չմանրամասնեց: Անդրադառնալով այն տեսակետներին, թե Ռուսաստանի ճնշման պատճառով է Հայաստանը հրաժարվում բանակցել Իրանի հետ, Ա. Մովսիսյանն ասաց. «Նման սահմանափակում իրավական առումով չկա: Ընդհակառակը, եթե էժան գազ եղավ, անպայման կներկրենք»:

Հարցին, թե միայն իրավակա՞ն առումով սահմանափակում չկա, թե՞ քաղաքական առումով ևս, նախարարը պատասխանեց. «Քաղաքական առումով էլ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ՌԴ-ն չի սահմանափակի՞ իրանական կողմի հետ էժան գներով գազի ներկրման պայմանավորվածություն ձեռք բերելու ՀՀ-ի հնարավորությունը, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Եթե կարողանանք գտնել… Կգնանք, կբանակցենք, կտեսնենք…»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս