Բաժիններ՝

Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաիանական զգայուն հարցերում կգրանցվի առաջընթաց

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ խորհրդակցության ժամանակ հույս է հայտնել, որ ռուս-ուկրաիանական զգայուն հարցերում կգրանցվի առաջընթաց: Նշելով, որ դա իրենց պլանային հանդիպումն է՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր՝ բառի լրիվ իմաստով:

Պուտինն ափսոսանք է հայտնել, որ վերջին երկու տարում որոշակիորեն նվազել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը, ինչին իրենք անդրադարձել են Սոչիի հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքերով՝ նախորդ տարի ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 11 տոկոսով, իսկ այս տարի՝ 14.5 տոկոսով, և որ եկել է ժամանակը՝ վերադարձնելու համար նախկին մակարդակը և պայմաններ ստեղծելու համար առաջ ընթանալու նպատակով:

Պուտինն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների կառավարությունները լավ աշխատել են զգայուն ուղղություններով՝ էներգետիկա, մեքենաշինություն, տիեզերք, ավիացիա, նավաշինություն, և որ այսօր հնարավորություն է ստեղծվել ամրագրել պայմանագրային-իրավական բազան: Պուտինն ու Յանուկովիչը չեն հիշատակել Մաքսային միության մասին:

Յանուկովիչն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել այսօր: Ուկրաինական ընդդիմությունը քանիցս հայտարարել էր, որ Յանուկովիչը հենց դեկտեմբերի 17-ին ստորագրելու է Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու մասին համաձայնագիրը: Նշվում է, որ այսօրվա հանդիպումն այս տարի 8-րդ հանդիպումն է Յանուկովիչի ու Պուտինի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս