
Ճապոնիան Չինաստանից պաշտպանվելու համար վերազինում է բանակը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել մեծացնել պաշտպանական ծախսերը և վերազինել բանակը:
Բանակի ֆինանսավորումը մեծացվելու է 2.6 տոկոսով և իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ընդունած ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում: Դրանով նախատեսվում է առաջիկա 5 տարում զարգացնել զինված ուժերը:
Փաստաթղթում Ճապոնիայի համար որպես հիմնական սպառնալիք են դիտարկվում Չինաստանի գործողությունները՝ կապված Արևելա-չինական ու Հարավ-չինական ծովերում, ինչպես նաև այլ շրջաններում ստատուս-քվոն ուժի միջոցով փոփոխելու փորձերի հետ:
Բացի այդ, փաստաթղթում հիշատակվում են նաև Հարավային Կորեայի տարածքային վեճերը և ԿԺԴՀ-ին ներկայացվող պահանջները՝ կապված հրթիռային-միջուկային ծրագրից հրաժարվելու հետ: Ընդհանուր առմամբ, 2014-2019 թվականներին Ճապոնիան ռազմական ծախսերի համար հատկացնելու է 24.7 տրիլիոն իեն (մոտ 240 միլիարդ դոլար):
2000-ական թվականների սկզբից Ճապոնիան հետևողականորեն կրճատել է բանակի վրա ծախսերը: 2013 թվականին երկրի ռազմական բյուջեն ունեցել է ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 4.57 տրիլիոն իեն: