Այս տարի Ռուսաստան մուտք գործելն արգելվել է 430.000 օտարազգու համար. Ռոմոդանովսկի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի գրեթե 430.000 օտարազգու համար փակվել է Ռուսաստան մուտք գործելը: Այս մասին Դաշնային խորհրդում այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Վերջինիս խոսքերով՝ այս տարի 427.000 մարդու համար արգելվել է Ռուսաստան մուտք գործելը և սահմանվել է 6 միլիարդ ռուբլու տուգանք: Ռոմոդանովսկին հավելել է, որ արգելքի տակ ընկած անձանցից 51 տոկոսն առնչվել է 17-29 տարեկաններին:
Ռոմոդանովսկին ընդգծել է, որ վերջին 4 տարում Ռուսաստանը ներգաղթյալների համար դարձել է ավելի գրավիչ, և որ աշխարհի ավելի քան 20 երկրից Ռուսաստան մուտք գործողների քանակը 9 միլիոնից աճել է 17 միլիոն մարդու. «Միգրացիոն գործոնն անմիջականորեն ազդում է ազգային անվտանգության վրա:
Օտարազգիները հանցագործություններ են կատարում երկրի տարածքում: Ռուսաստանում բացահայտված հանցագործություններում օտարազգիների բաժնեմասը միջին հաշվով կազմում է 4 տոկոս: Մինչդեռ Մոսկվայում այդ ցուցանիշը կազմում է մինչև 20 տոկոս: Փարիզում այդ ցուցանիշը կազմում է 50-60 տոկոս»: