«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո իշխանությունների կողմից ձեռնարկված «Ճանապարհային քարտեզի» կազմման աշխատանքներն ավարտվել են: Թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Ճանապարհային քարտեզ» ասվածն, առայժմ անհայտ է, իշխանություններն էլ չեն շտապում պարզաբանել դրա էությունը, բովանդակությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե իրենք աշխատում են «Ճանապարհային քարտեզի» վրա, ուստի առայժմ որևէ բան ասել չեն կարող: «Աշխատում ենք «Ճանապարհային քարտեզի» վրա: Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Ավելի վաղ վարչապետը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Ճանապարհային քարտեզի» նախագիծն արդեն մշակված է, ապա ավելացրել. «Աշխատանքային խումբը դեկտեմբերի 11-12-ին պիտի վերջնական քննարկի և եզրակացություն տա, թե ինչ խնդիրներ կան լուծված-չլուծված։ Դեկտեմբերի 12-ից հետո աշխատանքային խումբը կվերադառնա, և մենք ամբողջական պատկեր կունենանք «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ»:
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական ինտեգրման միության նիստը, որի ժամանակ ստորագրվելու է ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզը»: Այն կքննարկվի չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե «Ճանապարհային քարտեզը» կհրապարակվի, երբ հաստատվի: «Երևի հաստատվելուց հետո կհրապարակվի,- նշեց նա, ապա ավելացրեց,- Հուսով ենք` ամսվա վերջին կհրապարակվի»: