Դավիթ Թամրազյանն ասել է, որ աղջկան սպանել է «սատանիստական ոհմակի մեծը »

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին նա երեկ հայտարարեց Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ սկսվեց նրա վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դիտավորյալ վիզը կտրելով, սպանություն է կատարել, դրանից հետո վիդեոյով նկարահանել է, թե ինչպես է սպանությունը տեղի ունեցել և ցույց տվել վկաներից մեկին: Փաստաբանի խոսքով՝ ինքը միջնորդություն է ներկայացրել, որում նշել է, որ նման հանգամանքների դեպքում հիմնավոր կասկած կա, որ տվյալ մարդը կարող է հոգեկան հիվանդությամբ տառապել և միջնորդել է ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն նշանակել: Այդ միջնորդությունը նախաքննական մարմինը մերժել է: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ նախաքննական մարմնի կողմից նշանակվել է ամբուլատոր փորձաքննություն: Ըստ դրա՝ Դավիթ Թամրազյանը չի տառապում հոգեկան հիվանդությամը: Ն. Բաղդասարյանի խոսքով այդ փորձաքննությունը տևել է մի քանի ժամ, իսկ եղանակը հարցուփորձ անելն է եղել: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ դրա արդյունքում չէր կարող պարզվել իր պաշտպանյալի հոգեկան վիճակը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Դավիթ Թամրազյանն առաջ է քաշել այն վարկածը, որ իրեն ներքաշել են սատանիստական կազմակերպության մեջ, սպանությունը կատարվել է սատանիստական ծիսակատարություն իրականացնելու համար. պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը նշել է, որ սպանությունը կատարել է Խաչիկ անունով  մեկը, ով «սատանիստական ոհմակի մեծն է եղել»:  Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ այդ անձին նախաքննական մարմինն այդ էլ չի հայտնաբերել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս