Տիգրան Սարգսյանի ելույթը ՀԱԿ-ին չի բավարարել
2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը չի բավարարել ոչ իշխանական խորհրդարանական ուժերին, մասնավորապես, ՀԱԿ-ին: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե Տիգրան Սարգսյանի ելույթը որևէ պատասխան չտվեց ընդդիմության քննադատություններին:
«Փաստորեն, որևէ փաստարկի, ընդդիմության որևէ քննադատության նա պատասխան չտվեց: Կոնկրետ բաներ ենք ասել, կոնկրետ մեղադրանքներ ենք ներկայացրել, կոնկրետ ասել ենք, որ գազի ավանտյուրայի հետևանքով ծախսեր եք արել, որի համար Ազգային ժողովը ձեզ չի ների»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2014թ. ներդրվող ռեֆորմները, մասնավորապես՝ կուտակային պարտադիր բաղադրիչը, որակապես նոր միջավայր են ձևավորում, որակապես նոր քաղաքացի, ինչը նշանակում է, որ «քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի ուժեղանալու է այս տարիների ընթացքում», ՀԱԿ խմբակցության ղեկավարն այսպես գնահատեց.
«Դե, դա բացարձակ դեմագոգիա էր: Ի՞նչ կապ ունի քաղաքացիական հասարակությունը դրա հետ: Դրանք տնտեսական որոշումներ են, որ կենսաթոշակային «ռեֆորմի» ամեն մի մասնակից պետք է կատարի, բայց դա ի՞նչ կապ ունի քաղաքացիական հասարակության հետ… Առավել ևս, որ ամենակարևոր հարցն այն է, որ գործող կառավարությունը հասարակության մոտ չունի վստահություն, ոչ էլ նրա կողմից հովանավորվող կենսաթոշակային հիմնադրամները: Էլ ի՞նչ որոշման մասին է խոսքը, երբ մեզ` քաղաքացիներիս, առաջարկում են ընտրություն կատարել անվստահելի հիմնադրամների մեջ. ավելի հիմար բան ուղղակի պատկերացնել չի կարելի»: