Ե՞րբ պատրաստ կլինի Շանթ Հարությունյանի փորձաքննության եզրակացությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր բեկանել Շանթ Հարությունյանին հոգեբուժարանում տեղավորելու մասին որոշումը և նրան ետ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: «Դեռևս դեկտեմբերի 10-ին Շանթ Հարությունյանն արդեն իսկ հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, և, փաստորեն, արդեն իսկ պահանջն այդ մասով, ըստ էության, ինքնին կատարվել էր: Միայն դատարանից ես խնդրեցի, պնդելով իմ վերաքննիչ բողոքը, որ հաստատվի իրավունքի խախտումը, այսինքն՝ որ նա խախտում է տեղափոխվել հոգեբուժական հիմնարկ»,- ասաց Ինեսա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ միայն դատարանի որոշումը ստանալուց հետո ինքը կարող է ասել՝ ինչպես է դատարանն անդրադարձել Շանթ Հարությունյանի իրավունքի խախտումը հաստատելու իր խնդրանքին: Փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման վճռաբեկ դատարան՝ այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբանն ասաց, որ դատական նիստի ընթացքում միջնորդել է Շանթ Հարությունյանին ներկայացնել դատարան, որպեսզի նա մասնակից դառնա բողոքի քննությանը, որն, ըստ էության, մերժվել է:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին որոշում կայացրել էր նոյեմբերի 19-ին: 5 օր անց նրա պաշտպանը որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ գործի նյութերն առաջին ատյանի դատարանից ստանալուց հետո վերաքննիչ դատարանը 3-օրյա ժամկետում պետք է քննություն նշանակեր: Փաստաբանն ասաց, որ չի կարող ասել՝ այս դեպքում օրենքի պահանջի խախտում կա՞, թե՞ ոչ, քանի որ տեղյակ չէ՝ երբ են գործի նյութերն առաջին ատյանի դատարանից ուղարկվել վերաքննիչ քրեական դատարան:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է դեկտեմբերի 10-ին, այսինքն՝ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում նա մնացել է 20 օր: Փաստաբանն ասաց, որ չի կարող ասել՝ երբ պատրաստ կլինի փորձաքննության եզրակացությունը. Քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարույթ իրականացնող մարմինը փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իրենց տրամադրել այն՝ ծանոթացման համար:

Տեսանյութեր

Լրահոս