
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Դեկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին և վստահությամբ նշեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել արդյունավորմանը: Այնուհետև իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց այդ կապերի զորացման գործում Ռումինիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը: Հայոց Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ հայ ժողովրդի զավակները, հաստատվելով Ռումինիայում դեռ վաղ միջնադարում, իրենց ծառայասեր աշխատանքով նշանակալի ներդրում են ունեցել երկրի կյանքում, որի վկայությունը Ռումինիան զարդարող հայ ժողովրդի մտքի և հոգու արգասիքներն ու կերտած արժեքներն են:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռումինիայի դեսպանն անդրադարձան նաև Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, կարևորեցին Եկեղեցիների դերակատարությունը ժողովուրդների կյանքում` որպես հասարակության բարոյական նկարագրի կերտող ու պետականության զորացման երաշխիք:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված օրհնի երկու եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և բարգավաճ կյանք պարգևի նրանց:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին