Բարաք Օբաման նամակ է հղել Բիձինա Իվանիշվիլիին

Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որում ընդգծել է, որ իր համար հաճելի է եղել նրա հետ համագործակցելը:

Բացի այդ, Օբաման ընդգծել է այն դերը, որն Իվանիշվիլին ունեցել է Վրաստանում ժողովրդավարության և վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում: Օբաման կարևորել է նաև Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով անցկացված ընտրություններն ու իշխանության խաղաղ հանձնումը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում իրենց համատեղ ջանքերին աջակցելու համար: Օբաման նշել է, որ հուսով է նայում Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համագործակցությանը:

Նամակի վերջնամասում Օբաման ընդգծել է, որ իրենք աջակցել և այսուհետ նույնպես աջակցելու են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա եվրաատլանտյան ձգտումներին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի աշնանը Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Բիձինա Իվանիշվիլին քանիցս հայտարարել է ԱՄՆ այցելելու իր մտադրության մասին, սակայն այդ այցն այդպես էլ չիրականացվեց:

Տեսանյութեր

Լրահոս