
Ուկրաինայում ընդդիմությունը Յանուկովիչին 48 ժամ է տվել` իր պահանջները կատարելու համար

Կիեւում հանրահաքի մասնակիցները շարժվել են նախագահի եւ կառավարության նստավայրերի ուղղությամբ, հաղորդում է РИА «Новости»-ն: Ցուցարարների առջեւից երեք միկրոավտոբուսներ են շարժվում, որտեղից ակցիայի համակարգողները բարձրախոսներով դիմում են մասնակիցներին` հորդորելով ձեռնպահ մնալ տարբեր բնույթի գործողություններից եւ բռնություն գործադրելուց:
Վարչական շենքերը պահպանվում են ոստիկանների կողմից: Ավելի վաղ AFP –ն հաղորդել էր, որ Ուկրաինայում «ժողովրդական վեչե»-ին մոտ 200 հազար մարդ է մասնակցում:
«Украинская правда»-ի փոխանցմամբ` ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակացության պատգամավոր Սերգեյ Պասշինսկին հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը 48 ժամվա ընթացքում:
«Յանուկովիչ, մենք 48 ժամ ենք տալիս: Եթե այդ ընթացքում Ազարովի կառավարությունը հրաժարական չտա, եթե քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն ու ցուցարարների նկատմամբ բռնության մեղավոր Զախարչենկոն չձերբակալվի, մենք կգնանք Մեժիգորյե (Յանուկովիչի նստավայրը-խմբ)», -հայտարարել է ընդդիմադիր գործիչը: