
Է. Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի գլխավորութամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել պատգամավորական խմբի հաճախակի այցելությունները Հայաստան և Արցախ և շնորհակալություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության և առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց հետևողական ջանքերի համար:
Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարևոր դերակատարություն ունեն նաև խորհրդարանական և ապակենտրոնացված ձևաչափերը։ Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը։
Արտաքին գործերի նախարարություն