Բաժիններ՝

2014թ. Հայաստանում կսկսվի հայկական առաջին պլանշետի` Armtab-ի, և սմարթֆոնի` Armphone մասսայական արտադրությունը

Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը Հայաստանում նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների` Armtab-ի, և սմարթֆոնի` Armphone-ի արտադրությունը: Ընկերությունն արդեն փորձնական արտադրել է 5 տարբեր չափերի պլանշետ և 1 սմարթֆոն` 5 դյույմանի:

Շուտով` արդեն նոր տարում` հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանում կսկսեն այս սարքերի մասսայական արտադրությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանը: Նրա խոսքով` նշյալ սարքերն իրենց տեխնիկական հնարավորություններով չեն տարբերվում հայտնի ընկերությունների` Apple-ի կամ Samsung-ի արտադրանքներից, սակայն գնային առումով հայկական սարքերը մոտ 50%-ով էժան են լինելու: «Միակ տարբերությունը պրակտիկորեն օպերացիոն համակարգն է: Եթե, օրինակ, Apple-ն օգտագործում է iOS, ապա մենք օգտագործում ենք Android: Մեր բոլոր սարքերն աշխատում են Andrօid  օպերացիոն համակարգով»,- ասաց Վ. Շաքարյանը:

Վ. Շաքարյանի խոսքով` հայկական պլանշետների նկատմամբ հետաքրքրությունն արդեն բավականին մեծ է, այժմ դրա արտահանման վերաբերյալ տարբեր բանակցություններ են ընթանում: «Օրինակ, այժմ Վրաստանի հետ սերտ բանակցություններ ենք վարում, մասնավորապես՝ Վրաստանի կրթության նախարարության հետ, նրանք պատրաստ են մեզանից գնել տարեկան 40 հազար պլանշետ` դրանք դպրոցներում օգտագործելու համար»,- ասաց Վ. Շաքարյանը:

Նա մասնավորապես նշեց, որ ընդհանրապես Technology and Science Dynamics Inc. գլխավոր ընկերությունը, որը Հայաստանում ներկայանում է Armtab Technologies անվամբ, աշխարհի 17 երկրներում ներկայացուցչություններ ունի, հիմնականում աշխատում են տարբեր համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների հետ:

Ըստ Վ. Շաքարյանի` առաջիկայում Technology and Science Dynamics Inc. ընկերությունը, որն աշխարհում ճանաչված է Minno բրենդով և արդեն գործում է շուկայում մոտ 5 տարի, որոշում է ընդունել հրաժարվել չինական ծառայություններից և ամբողջ արտադրությունը տեղափոխել Հայաստան:

«Իհարկե, մենք սկսում ենք առաջին փուլը դիզայնի և հավաքման գործընթացը, հետո նախատեսում ենք մայր պլատաների արտադրությունն այստեղ կատարել և այնուհետև՝ նաև մնացած բաղադրիչների արտադրությունը: Այս ամենը մեր հետագա նպատակներն են, որոնք հույս ունենք իրագործել 2-3 տարվա ընթացքում»,- ասաց Վ. Շաքարյանը:

Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս