Ադրբեջանը 2014 թվականի փետրվարից կասեցնելու է նավթի արտահանումը դեպի Ռուսաստան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ը 2014 թվականի փետրվարից կասեցնելու է նավթի արտահանումը դեպի Ռուսաստան և այն արտահանելու է Թուրքիա: Այս մասին հայտնել է SOCAR-ի մարքեթինգի դեպարտամենտի ներկայացուցիչը:

2013 թվականի արդյունքներով SOCAR-ը «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով մղելու է 1.8 միլիոն տոննա նավթ: Հաջորդ տարի Ադրբեջանը մտադիր է օգտագործել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը, իսկ նավթի ավելցուկն ուղղել ներքին պահանջարկի սպառմանը: ԲԹՋ-ի օպերատորը բրիտանական British Petroleum (BP) ընկերությունն է:

2013 թվականի մայիսին Մոսկվան հայտարարեց, որ խզում է «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթ մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը՝ դա պատճառաբանելով նրանով, որ ադրբեջանական կողմը չի լիաբեռնում խողովակաշարը:

2011-2012 թվականներին տվյալ խողովակաշարով փոխադրվել է տարեկան մոտ 2 միլիոն տոննա նավթ, մինչդեռ պայմանագրով նախատեսված էր առնվազն 5 միլիոն տոննա: Դրանից հետո «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի մատակարումները շարունակվել են SOCAR-ի ու «Տրանսնեֆտի» միջև կնքված առանձին պայմանագրով:

Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև նավթի փոխադրման մասին պայմանագիրը գործել է 1996 թվականից: Խողովակաշարով մեկ տոննա նավթի տարանցման արժեքը կազմում է 15.76 դոլար: «Տրանսնեֆտը» խողովակաշարի չլիաբեռնումից իր կրած ուղիղ վնասները գնահատել է տարեկան 50 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս