2014 թվականին Վրաստանը կանգնած կլինի լուրջ մարտահրավերների առջև. Մարգվելաշվիլին՝ Նուլանդին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է երկիր ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի հետ: Այս մասին հայտարարել է նախագահի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ:

Կողմերը քննարկել են երկկողմ ու բազմակողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցը, ԱՄՆ-Վրաստան Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում համագործակցության պլանները, երկու երկրների միջև առևտրային-տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև անցկացված նախագահական ընտրությունների ու բարեփոխումների հարցը, ինչը կարևորվել է Վրաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Մարգվելաշվիլիի խոսքերով՝ 2014 թվականը բարդ կլինի Վրաստանի համար, քանի որ երկիրը կանգնած կլինի լուրջ մարտահրավերների առաջ:

Մարգվելաշվիլին հատկապես կարևորել է Վրաստանին ԱՄՆ-ի աջակցությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից մինչև ստորագրում: Բացի այդ, կողմերը քննարկել են ռուս-վրացական հարաբերություններն ու Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս