
Այսօր Սոչիում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը. աղբյուր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հերթական հանդիպումը: Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Չինաստանից վերադարձող Յանուկովիչն աշխատանքային այցով ժամանելու է Սոչի, ուր և բանակցություններ է վարելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Նշվում է, որ հոկտեմբերի 27-ին Սոչիում արդեն իսկ տեղի է ունեցել Պուտինի ու Յանուկովիչի ոչ պաշտոնական հանդիպումը:
Հոկտեմբերի 24-ին էլ Յանուկովիչը մասնակցել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի շրջանակներում դարձյալ հանդիպել էր Պուտինի հետ: Նոյեմբերի 9-ին Պուտինն ու Յանուկովիչը բանակցել էին Մոսկվայում:
Նոյեմբերի 27-ին էլ (Վիլնյուսի գագաթաժողովի մեկնարկից մեկ օր առաջ) Վիկտոր Յանուկովիչն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են երկկողմ հարաբերություններին առնչվող բազմաթիվ խնդիրների շուրջ: