ԿՀՎ-ը կարևոր դերակատարություն է ունեցել 1962 թվականին Մանդելայի կալանավորման գործում. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կարևոր դեր է ունեցել 1962 թվականի օգոստոսին Նելսոն Մանդելային կալանավորելու գործընթացում, երբ սևամորթ իրավապաշտպանին բանտարկեցին գրեթե 28 տարով:
Նշվում է, որ այդ ժամանակ ԿՀՎ-ն իր գործակալն է ունեցել Աֆրիկյան ազգային կոնգրեսի շարքերում, որի օգնությամբ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել Մանդելայի գործունեության մասին, ապա այդ տվյալները փոխանցել են ՀԱՀ-ի ոստիկանությանը, ինչն էլ վերջինիս հնարավորություն է տվել կալանավորել քաղաքական ակտիվիստին:
Մանդելային կալանավորելու հարցում ԱՄՆ հատուկ ծառայությունների ունեցած դերակատարության վերաբերյալ զեկույցում առկա են նաև ամերիկացի պաշտոնաթող չինովնիկի ցուցմունքները, որոնց համաձայն, Մանդելայի կալանավորումից քիչ անց ԿՀՎ-ի բարձրաստիճան չինովնիկներից մեկը հայտարարել է.
«Մենք նրան հանձնեցինք ՀԱՀ-ի անվտանգության ծառայության ձեռքը: Մենք նրանց հայտնեցինք բոլոր մանրամասները, թե որտեղ է նա գտնվում, երբ և ինչ հագուկապ կունենա»: Նշվում է, որ ԿՀՎ-ի ներկայացուցիչ Մարկ Մենսֆիլդը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ իրենք չեն քննարկում հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան մահացել է երեկ՝ 95 տարեկան հասակում: