
ՄԱԿ ԱԽ-ը ֆրանսիական զորքերին արտոնել է մուտք գործել ԿԱՀ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ ընդունել է մի բանաձև, որը ֆրանսիական զորքերին (1200 զինծառայող) ու Աֆրիկյան միության ուժերին (2500 զինծառայող) արտոնում է մուտք գործել ԿԱՀ (Կենտրոնա-աֆրիկյան հանրապետություն): ՄԱԿ-ի տրամադրած մանդատը օտար զորքերին թույլ է տալիս ուժ կիրառել ԿԱՀ-ում՝ հանուն քաղաքացիական բնակչության պաշտպանության:
Բանաձևի տեքստում նաև խորհուրդ է տրվում ԿԱՀ մտցնել միջազգային խաղաղապահ կոնտինգենտ: Բացի այդ, ՄԱԿ ԱԽ-ը բեռնարգելք է դրել ԿԱՀ զենքի մատակարարումների վրա և դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ խնդրելով հետաքննել ԿԱՀ-ում մարդու իրավունքների զանգվածային խախտումները:
Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում իրավիճակը կտրուկ վատթարացել է նախագահ Ֆրանսուա Բոզիզեին ապստամբանական «Սելեկա» դաշինքի կողմից գահընկեց անելուց հետո: Դրանից հետ քաղաքներում և գյուղական վայրերում տիրում է քաոս ու անպատժելիություն, ոչ ոքի չենթարկվող մարդիկ թալանում ու սպանում են տեղական բնակչությանը:
Երեկ մայրաքաղաք Բանգիի մզկիթներից մեկի մերձակայքում հայտնաբերվել է 80 դիակ, որոնց վրա եղել են բռնության հետքեր՝ հրազենային վնասվածքներ ու մաչետեով հասցված վնասվածքներ: Հայտնի չէ, թե ով է կանգնած այդ հանցագործության հետևում: