
Ուկրաինական ընդդիմությունը լքել է Կիևի կենտրոնի բարիկադները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի կենտրոնում հավաքված ընդդիմադիրները լքել են բարիկադները՝ չսպասելով ոստիկանության կողմից հանրահավաքը ցրելուն: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը ցուցարարներին կոչ է արել հավաքվել շարասյան տեսքով և շարժվել նախագահական նստավայրի ուղղությամբ:
Դրանից հետո քահանան աղոթք է կարդացել, և ցուցարարները սկսել են երթը: Ապա շարասյունը բաժանվել է երկու մասի և սկսել է շրջափակել նախագահական նստավայրի մուտքերը: Հանդիպակաց ուղղությամբ շարժվող ավտոմեքենաներն ազդանշանում են ցուցարարներին՝ իրենց համերաշխությունը հայտնելով նրանց: Ցուցարարները վանկարկում են «Ոստիկանությունը ժողովրդի հետ»:
Ընդդիմությունը հստակեցրել է հետագա գործողությունների իր պլանը և իր պահանջները: Ընդդիմության գլխավոր նպատակների մեջ են մտել քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելը, նախագահի ու կառավարության հրաժարականները, խորհրդարանական նոր ընտրությունները, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը: