Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ, Վիեննայում: Այս մասին գործակալությանը հայտնել են բանակցային գործընթացին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները:
Ակնկալվում է, որ Վիեննայի հանդիպումն անցկացվելու է փորձագետների մակարդակով: Դրանում քննարկվելու է նոյեմբերի վերջին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Աղբյուրի խոսքերով՝ ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ, հավանաբար այն տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին կամ 11-12-ին:
Բացի այդ, դեկտեմբերի 11-ին պլանավորված են Իրանի պատվիրակության ու ԱԷՄԳ-ի փորձագետների բանակցությունները, որոնցում քննարկվելու են ավելի վաղ երկկողմ մակարդակով համաձայնեցված գործնական քայլերը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի խնդրահարույց հարցերի հարթման հետ: