
Բրիտանական հետախուզության գործակալները Մոսկվայում փնտրում են Էդվարդ Սնոուդենին

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կանադական Centre for Research on Globalization (Գլոբալիզացիայի հետազոտման կենտրոն) հասարակական կազմակերպության տվյալներով՝ բրիտանական MI6 հետախուզության գործակալներին հանձնարարվել է պարզել ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գտնվելու վայրը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:
Ավելի վաղ Սնոուդենի փաստաբանը հայտարարել էր, որ ամերիկացին բնակվում և աշխատում է Ռուսաստանում, սակայն կոնկրետ հասցեն գաղտնի է պահվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ բրիտանական իշխանությունները ձգտում են հայտնաբերել Սնոուդենին և նրան տեղափոխել Մեծ Բրիտանիա կամ ԱՄՆ: Ընդ որում, Centre for Research on Globalization-ը չի մատնանշում իր տեղեկատվական աղբյուրին:
Կազմակերպության կայքում նշված է, որ MI6-ի գործակալները Մոսկվայում զբաղված են սոցցանցերի հետախուզական տվյալների վերլուծությամբ, որոնց նրանց հատկացրել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Մեծ Բրիտանիայի Կառավարական կապերի կենտրոնը: Այդ տեղեկատվությունը վերաբերում է Սնոուդենի գտնվելու հնարավոր վայրերին:
Ներկայումս հատուկ ծառայությունները զբաղված են Սնոուդենի հետ կապ ունեցող Twitter-ի օգտատերերի, ինչպես նաև հոկտեմբերին Սնոուդենի հետ հանդիպելու համար Մոսկվա մեկնած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին չորս աշխատակիցների հեռախոսազրույցների տվյալների վերլուծությամբ:
Centre for Research on Globalization-ում վստահ են, որ Մոսկվայում ամերիկացի գործակալների բոլոր շփումներն արդեն իսկ բացահայտված են, ինչը հնարավորություն է տվել նեղացնել Սնոուդենին փնտրելու շրջանակը և իմանալ նրա ամենօրյա գրաֆիկը:
ԿՀՎ-ի նախկին աշխատակցին փնտրելու գործողությունն առաջնահերթ է համարվում MI6-ի համար: Կանադական ՀԿ-ի պնդմամբ՝ դա հիմնականում կապված է այն էական վնասի հետ, որը Սնոուդենի հրապարակումները հասցրել են համայն աշխարհում բրիտանական հետախուզության գործողություններին: