Անվտանգության աշխատակիցները բռնության, իսկ ավագ քննիչը՝ սուտ մատնության են ենթարկվել
Արմավիր քաղաքի երեսնամյա բնակիչ Ռազմիկ Խաչատրյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում «բուռն» գիշեր է անցկացրել՝ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ: Այսպես, ըստ մեղադրանքի, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին՝ անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ:
Մասնավորապես, «ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը՝ նա խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը»:
Դա արտահայտվել է ակումբի տնօրեն Արման Գևորգյանի, անվտանգության աշխատակիցներ Արա Դավթյանի ու Մհեր Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով: Մասնավորապես, կծել է Արման Գևորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով, այն է` կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով Արման Գևորգյանին, մետաղյա մոխրամանով` Մհեր Սարիբեկյանին:
Մանրամասները կարդացեք այստեղ`