
Մեր ձեռքից առան մեր ունեցվածքը

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` այն, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմի» ընկերությանը, պարզապես «խայտառակություն» է: 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ նախկինում երկու ընկերութուննենրը՝ «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը», ունեին 45-ական տոկոս բաժնեմաս, բայց տարիների ընթացքում հարաբերակցությունը փոխվեց:
«Ցավոք սրտի, իշխանությունները զիջեցին զգալի մասը, հարաբերակցությունը դարձավ 80 ՌԴ կողմից, 20 մեր կողմից, բայց հիմա եկան ու մեր ձեռքից առան մեր ունեցվածքը՝ այդ 20 տոկոսը: Սա վերջ է դնում բոլոր հնարավոր այն խոսակցություններին, որ մեր իշխանությունները տանում են էներգետիկ դիվերսիֆիկացիների վերաբերյալ և այլն, որովհետև մեր ամբողջ գույքը տիրապետելու են իրենք»,- շեշտեց նա:
Ալ. Արզումանյանն անդրադարձավ այն ակնկալիքներին, թե գազի գինը Հայաստանում այս կերպ կնվազի՝ նշելով. «Գազի գնի որևէ փոփոխություն ժողովրդի համար չի լինի, որովհետև կառավարությունը կդադարեցնի սուբսիդավորումն ու մենք կվճարենք նույն գինը»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեցին երկու պետությունների կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը դառնում է «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսի սեփականատերը: