Մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել
Պատվաստումից որոշ ժամանակ անց մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, երեխայի մահվան փաստով նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երեխային պատվաստած բժշկուհու՝ Սոնյա Սուրենովնայի փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը:
Հիշեցնենք, որ Մերի Սարգսյանը մահացել է նոյեմբերի 11-ին «Նորք» իմնֆեկցիոն հիվանդանոցում: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, կայքին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը: Նա նշել է, որ մայրը բժշկին ասել է, թե երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, սակայն բժիշկը չի համաձայնել և պատվաստում է արել: «Վերջում հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, և չեն իմացել»,- կայքի հետ զրույցում ասել է Անի Գրիգորյանը: Պատվաստող բժշկի փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել էր, որ երեխայի հարազատների մեղադրանքներն անհիմն են, և նրանք զրպարտում են բժշկին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բացառել էր, որ երեխայի մահվան պատճառը կարող է պատվաստումը լինել: Նա նշել էր, որ դիահերձման նախանական արդյունքների համաձայն՝ երեխայի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: