«Ապառաժը» պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ներկրելու թույլտվություն կստանա
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կթույլատրվի մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։ Այս որոշումը՝ պայթուցիկ միջոցների ցանկի հետ միասին, կառավարությունը կհաստատի հինգշաբթի օրվա նիստում։ Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ներկրվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն արտադրվում, և այդ ապրանքատեսակների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը: Որոշմամբ նաև հանձնարարվում է ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը: