
Դատարանն արգելել է մինչև հունվարի 7-ը Կիևի կենտրոնում զանգվածային ակցիաների անցկացումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի շրջանային վարչական դատարանն արգելել է 2013 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային ակցիաների անցկացումը: Այս մասին գործակալությանը հայտնել է փաստաբան Եվգենիա Զակրևսկայան:
Վերջինիս խոսքերով՝ դրանով իսկ դատարանն ամբողջովին բավարարել է Կիևի քաղաքային իշխանությունների հայցը: Փաստաբանը դատարանում ներկայացրել է պատասխանող կողմի շահերը:
Հատուկջոկատայինները շաբաթ առավոտյան ցրել են Կիևի կենտրոնի «եվրոմայդանը»: Դրա ժամանակ ձերբակալվել է 35 մարդ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, ինչից հետո նրանց ազատ են արձակել: Բժիշկների խոսքերով՝ ակցիայի ցրումից տուժել է 35 մարդ, որոնց մի մասը դեռ գտնվում է հիվանդանոցում: