Այդ գումարը տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ ազդեցություն կարող էր ունենալ. Գործատուների միության նախագահը՝ պարտադիր 5%-ների մասին
Կենսաթոշակային բարեփոխումները փոքր բիզնեսի վրա կարող են շատ բացասական ազդել. եթե մոդելն այնպես լինի, որ աշխատողը չվճարի, դա մնա գործատուի վրա, ապա վատ ազդեցություն կունենա, իսկ եթե աշխատողը գիտակցաբար ինքը վճարի և գործատուն չկրի այդ բեռը, իրական ազդեցություն չի լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. մեր աղքատ երկրում աշխատողները մոտ 400 հազար են, որից 90 հազարը՝ պետական հատվածում: Մենք պետք է հաշվի առնենք, որ այդ չնչին գումարները, թեկուզ 5%, տնտեսությունից դուրս գալով էականորեն մուլտիպլիկատիվ ազդեցություն են ունենալու տնտեսության համար: Այդ 5000-10000 դրամները, որ ընդհանուր կազմում է տարեկան մոտ 150 մլն դոլար, տնտեսությունից դուրս են գալու, կուտակվելու են, բայց այդ գումարը տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ ազդեցություն կարող էր ունենալ առևտրի, կենցաղի մեջ և այլն»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա՝ թե հետագայում ինչ, ինչպես և ինչքան կներդրվի տնտեսության մեջ, դա այլ հարց է, խոսքը վերաբերում է ամենօրյա տնտեսությանը, շրջանառությանը, ամենօրյա առևտրին ու կենցաղին, որ անմիջապես կզգա այդ ազդեցությունը: