«Մենք ստեղծում ենք այն, ինչ կարող ենք». Ռադիկ Մարտիրոսյան
«Մենք ստեղծում ենք այն, ինչ կարող ենք, բայց մեր համակարգը պետք է նպատակադրվի ընդհանուր այս զարգացման համար, թե ո՞ր ուղղությունն է Հայաստանում զարգանում, որո՞նք են վատ զարգացել, և որո՞նք պետք է զարգացնել, իսկ մյուս կողմից նաև պետք է կարևորի, թե ո՞ր ուղղություններն են զարգանում ընդհանրապես»,-այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին «Ակադեմիական գիտելիքների կառավարման խնդիրները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, իրենք պետք է նոր կադրեր ունենան և կարողանան ճիշտ կողմնորոշվել շուկայական տնտեսության պայմաններում: «Շատերն են ասում, ինչը, կարծում եմ մի քիչ վիճելի հարց է, թե գիտությունն էլ է ապրանք, որը պետք է վաճառել: Ես դրա հետ համաձայն չեմ»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը` նշելով, որ իրենց խնդիրը հիմնարար գիտելիքներ ստեղծելն է, իսկ ինչ վերաբերում է կիրառական բնույթի աշխատանքներին, ապա դրանց համար, ըստ նրա` նախկին Խորհրդային Միությունում և մասնավորապես`Հայաստանում կային բազմաթիվ ճյուղային ինստիտուտներ, ինչպես, օրինակ` Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Քիմիական արդյունաբերության համալիրը և այլ կառույցներ, սակայն դրանց թե՛ աշխատակիցների քանակը և թե՛ ֆինանսավորումը շատ ավելին էր, քան ակադեմիայինն է: