ՀՀ ԳԱԱ-ն երիտասարդ ղեկավար կադրեր է պատրաստում
Հայաստանի անկախությունից հետո հայտնի պատճառներով բավականին շատ, հիմնականում երիտասարդ գիտնականներ մեկնեցին արտասահման: Այդ տարիներից մինչ օրս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիական համակարգի բոլոր կառույցներում միջին սերնդի գիտնականներ գրեթե չկան: Այնտեղ կամ ավագ սերնդի ներկայացուցիչներ են, կամ շատ երիտասարդներ: Եվ այսօր չկան միջին սերնդի այն գիտնականները, որոնք պետք է օգնեն երիտասարդներին և առաջ տանեն գիտությունը: Այս բացը լրացնելու երկու ճանապարհ գոյություն ունի. կամ՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վերադառնան դրսում գտնվող հայ գիտնականները, ինչը ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում գրեթե անիրատեսական է թվում, կամ՝ պատրաստել երիտասարդ ղեկավար կադրեր:
Ըստ գիտնականների`առաջին տարբերակը իշխանությունների խնդիրն է, իսկ երկրորդ տարբերակ վերաբերյալ, այն է՝ գիտության ոլորտում երիտասարդ ղեկավար կադրեր պատրաստելը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան արդեն սկսել է առաջին քայլերը ձեռնարկել:
Այսօր` նոյեմբերի 28-ին, ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ակադեմիական գիտելիքների կառավարման խնդիրները» թեմայով առաջին սեմինարը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Ռուս-Հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնը և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը, նշյալ սեմինարն առաջինն է «Ժամանակակից մենեջմենթի էլեմենտները» խորագրով թրեյնինգ-սեմինարի շրջանակում: Սեմինարների նպատակն է պատրաստել երիտասարդ ղեկավար կադրեր ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների համար: Սեմինարներին մասնակցում են երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպություններից, որոնց կողմից նշյալ երիտասարդները նախապես առաջարկվել են որպես ղեկավար պաշտոնների ապագայի ռեզերվ:
«Մասնակիցների 40%-ը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են»,- ասաց Գ. Վարդանյանը` նշելով, որ ապագայում այդ երիտասարդներն են դառնալու գիտական ինստիտուտների տնօրեններ, փոխտնօրեններ և գիտ-քարտուղարներ գիտահետազոտական ինստիտուտներում և գիտական կենտրոններում:
«Կադրային փոփոխությունն անհրաժեշտություն է, սակայն գիտություն կառավարումը ունի իր լուրջ, յուրահատուկ առանձնահատկությունները, որ պետք է ունենա երիտասարդը, որը նպատակ ունի զբաղվելու գիտության կազմակերպման հարցերով»,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` նշելով, որ այս հարցում նմանատիպ սեմինարները կօգնեն երիտասարդներին՝ հասկանալու գիտության ոլորտի կազմակերպման առանձնահատկությունները:
Ռ. Մարտիրսոյանը նշեց նաև, որ իրենք արդեն իսկ վստահում են երիտասարդներին, իհարկե, «ուշադիր հետևելով» նրանց նախորդ գործունեությանը: «Մեր համակարգում մենք արդեն երկու երիտասարդ տնօրեններ ունենք»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:
«Ռուս համագործակցության» կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինն էլ նշեց, որ նշյալ սեմինարների շնորհիվ կաճի երիտասարդ գիտնականների պրոֆեսիոնալիզմը, համագործակցության հնարավորությունները գլոբալ միջավայրում:
«Այս երիտասարդները կկատարեն այն բացահայտումները, որոնք կարող են առաջ տանել ոչ միայն ազգային գիտությունը, այլև համաշխարհային գիտությունը»,- ասաց Մ. Կալինին:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ սեմինարներին կմասնակցեն 100 գիտնականներ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններից, որոնք առաջադրվել են այդ կազմակերպությունների կողմից՝ որպես ղեկավար պաշտոնների ապագայի ռեզերվ: Նշենք նաև, որ սեմինարների մի մասը կանցկացվի առցանց ռեժիմով`Ռուսաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ: