Բաց նամակ Սերժ Սարգսյանին. 4,6 տարի ազատազրկում՝ 27.500 դրամի համար
Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 29-ին կքննվի ավտոտնակից 27.500 դրամ արժողության 5 լիտր բենզին ու 20 լիտր մեքենայի շարժիչի յուղ գողանալու փորձի գործով բողոքի քննությունը: Գործով ամբաստանյալ Արման Դավթյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով: Արման Դավթյանի հայրը՝ Իոսիֆ Մուրադյանը, նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում նա նախագահին խնդրել է օգնել, որպեսզի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարգադրի Արմավիրի նորանշանակ մարզային դատախազին և քննչական մարմնին՝ արդարացի քննություն իրականացնել և մեղադրանք առաջադրել կատարած արարքին համապատասխան հոդվածով: ՀՀ նախագահի աշխատակազմից ամբաստանյալի հորը պատասխանել են, որ նրա դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից կստանան պատասխանը: Իոսիֆ Մուրադյանը նամակ-դիմում է փոխանցել 168.am-ին՝ կայքում հրապարակելու խնդրանքով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Սարգսյան, Հայաստանի և համայն հայության առաջնորդ, Հարավային Կովկասի ամենահզոր պրեզիդենտ, ի՞նչ եք մտածում՝ նստած Ձեր բարձր թախտին: Մի՞թե տեղերում ուժեղները, չարչիները, զոռբաները ելնելով իրենց հզորությունից, պաշտոնական դիրքից՝ պետք է շարունակեն ճնշել, հալածել, կործանել թույլերին, խեղճերին, ընկածներին: Ժամանակը չէ՞, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը շատ խիստ պատժամիջոցներ կիրառի հատկապես այն քննիչների, դատախազների, դատավորների հանդեպ, որոնք չարաշահում են պաշտոնական դիրքը, որոնց խղճի վրա բազում սարսափելի մեղքեր կան նստած:
Այսօրվա դատավորն ասում է, որ իրենք անկախ են, օրենքն իրենց ձեռքում է, ոնց ուզենան՝ այնպես էլ կվարվեն: Մի՞թե սովետական պետությունից ժառանգություն մնացած որոշ վատ բաներ պետք է մշտապես մնան իրավապահ ատյանների գործողությունների հիմքում: Մասնավորապես, գործ սարքելու, հարուցելու, ձերբակալությունների հարցում անպայման պետք է պլանավորված որոշակի տոկոս ապահովել՝ օգտվելով տվյալ անձի անտերությունից: Սկսած Ոստիկանությունից, նախաքննական մարմնից՝ հարուցած գործը տանում են իրենց համար ձեռնտու հունով, աշխատում են առավելագույնս ծանրացնել գործի վարույթը, իսկ դատարանն էլ դատական պրոցեսի ժամանակ, ոչինչ հաշվի չառնելով, հիմնականում առաջնորդվում է քննիչի ու դատախազի ներկայացրածով՝ դատապարտելով բարձր «սրոկի» ազատազրկման: Հզորների հետ չեն կարող այդպես վարվել, կուժն ու կուլան կոտրվում է թույլերի, չքավորների, անտերների վրա:
Ահավասիկ իմ որդու օրինակը. 27.500 դրամի համար Արմավիրի մարզի դատավոր պարոն Ադամյանը նրան դատապարտեց 4 տարի 9 ամիս ազատազրկման, որպեսզի համաներում չկիրառելու պահ չլինի, մինչդեռ բաներ կան, որ չեմ ուզում ասել ու նշել, որպեսզի հանիրավի ստախոս կամ շանտաժնիկ չդառնամ: 1999թ. մենք, ընտանյոք հանդերձ, մեկնեցինք Եվրոպա՝ Դանիա. հիմնական պատճառը եղավ կնոջս ծանր հիվանդությունը, այնտեղ գտնվող մեր հարազատները խոստացել էին, որ կօգնեն: Այդ ժամանակ տղաս՝ Արմանը, 10 տարեկան էր:
Մեկ տարի անց կինս մահացավ, նա հուղարկավորված է Դանիայում: Ես այլևս չեմ ամուսնացել, խնամել ու մեծացրել եմ երեխաներիս: Արմանը դպրոց հաճախել է Դանիայում, ստացել է չորսամյա կրթություն: Մանկամիտ լինելու պատճառով ուսումը չի կարողացել շարունակել, մինչդեռ դատավճռում անհիմն ձևով գրել են, թե ութամյա կրթություն է ստացել: Հայերեն գրել, կարդալ չգիտի, հայերեն բառերը գրում է անգլերեն տառերով: Որոշակի հանգամանքներից ելնելով՝ Արմանին ամուսնացրի, ներկայումս կինը և երեք տարեկան երեխան ապրում են Դանիայում, դատավճռի մեջ գրել են նույնպես սխալ՝ երեխան՝ 7 տարեկան: Տեղեկանալով, որ Արմավիրի զինկոմիսարիատի կողմից տղայիս վրա հետախուզում կա՝ 2010թ. սեպտեմբերին ինձ հետ միասին բերել եմ Հայաստան:
Զինկոմիսարիատում ասացին՝ քանի որ կամավոր է ներկայացել, հետախուզումը հանում և ուղարկում են ծառայության: Ծառայել է ուղիղ մեկ տարի 9 ամիս: Երեք ընկերներով զորամասից դուրս գալով՝ նստում են տաքսի ավտոմեքենա, երեկոյան Արմանը հետ է վերադառնում զորամաս, ընկերները՝ ոչ: Գիշերը զորամասում քնած տեղը ոստիկանները տղայիս ձերբակալում են, քանի որ երեք ընկերներով տաքսու միջից բջջային հեռախոս են վերցրած լինում: Հետագայում երկու ընկերներն ազատվեցին, իսկ Արմանը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: 8 ամիս պատիժը կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատվել է Սովետաշենի գաղութից՝ 2013-ի մայիսի 14-ին:
Ընդամենը մեկ օր է մնացել տանը: Մայիսի 16-ին դավաճան, նենգ հարազատը, լավության կարգով, իբրև պատիվ է տալիս Արմանին, տարել է Ջանֆիդա գյուղի լճերը՝ խեցգետին բռնելու: Նշեմ, որ մանկամիտ որդիս ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում, տվյալ դեպքի կապակցությամբ համապատասխան բժշկական տեղեկանք չկա, սակայն վճռի մեջ անհիմն գրված է՝ ալկոհոլ օգտագործած վիճակում: Հարկ եմ համարում հատուկ ձևով նշելու, որ հարազատ կոչվածը՝ «BMW»-ի վարորդը, «պատիվ տվողները»՝ ավտոմեքենայի բենզինը վերջանալուց հետո, վերալիցքավորելու համար, Արմանին տարել են բենզին վաճառողի բակը, կանեստրով յուղը և բենզինը դրված է եղել ավտոտնակի բակում:
Ինչո՞ւ է Արմավիրի քննիչը, դատախազը, հետագայում՝ դատավոր Ադամյանը որակում՝ որպես բնակարան մտնել, և 27.500 դրամի դիմաց մեղադրանք առաջադրում 177 հոդվածի 3-րդ մասով և դատապարտում որդուս 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ հիշյալ երկուսին հանելով արանքից. շատ նողկալի է ու անհասկանալի ինձ համար, ցավալի ու ողբերգական:
Մեկնաբանությունը պարզ է. Դուք մի բան արեք և արանքից դուրս եկեք, Արմանը նախկին դատվածության չկրած մաս ունի, ի վիճակի էլ չէ մի բան անելու, ամեն ինչ բարդենք գլխին, թող գնա, կորի: Արմավիրի մարզային քննչական բաժինը և գործը վերահսկող մարզային դատախազը (այժմ արդեն՝ նախկին) շատ անխիղճ ու անմարդկային արարք են կատարել:
Միլիոնավոր դրամների հափշտակությունների ու գողությունների դիմաց մարդիկ չնչին պատիժ են կրում, համաներումով ազատվում, իսկ իմ մտավոր հետամնաց, մանկամիտ, թերհաս, հորթ տղային ծանր պատիժ են տալիս: Պետք է նաև հատուկ ձևով նշեմ, որ Արմանը հայերեն գրել ու կարդալ չիմանալով՝ անձամբ ոչինչ չի գրել, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան կողքին չի եղել, որ ստորագրել տալուց առաջ կարդար ու բացատրեր: Քննիչը գրել, ինքն էլ կարդացել է իր ուզած ձևով, հետո ստիպելով, համոզելով՝ ստորագրել է տվել, ոը գործը փակելով ուղարկեն դատարան՝ ասելով, թե՝ քեզ տանից հանողի ու վարորդի հետ գործ չունես:
Դատավոր Ադամյանը 4 անգամ դատը հետաձգեց, վերջում ասաց, որ ոչինչ չի կարող անել. ինչպես գործը ներկայացվել է, այնպես էլ վճիռ է կարդալու: Էլ ինչի՞ համար է դատը, դատարանը: Եթե կալանավորվածը հնարավորություն չունի, համապատասխան գումար չկա, ապա քննիչի ու դատախազի գրածը թող համարվի ամբաստանյալի համար վերջնական պատիժ:
Դատարանում տղայիս՝ Արմանի հարցին, թե՝ վառելանյութի տերը դատարանում պարզ և ուղղակի ասում է, որ գողություն չի եղել, բենզինը վերցրել են, չգիտեմ՝ նրանցից որը, սակայն լցակայանում գումար տալու էին, իսկ կանեստրով յուղը տեսել է ավտոտնակի բակի մոտ, Արմանն էլ՝ վրան նստած, նշված հեքիաթներն ինչպե՞ս են հորինվել, ինչո՞ւ եք այդպես անխիղճ վարվում, դատախազ Ղազինյանը պատասխանեց. «Ոնց ուզենանք, այնպես էլ կդատենք, մեր ձեռքը չէ՞, կարող ենք մարդասպանության հոդվածով էլ դատել»:
Լինելով Հայաստանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ Հայաստանում բնակվող ասորիների համայնքի անունից դիմելով Ձեզ, հարգելի Ս. Սարգսյան, որպես երկրի նախագահ, որպես ժողովրդի որդի. որպես ի պաշտոնե՝ զոռբաների ու իշխանությունների ոտնձգությունից խեղճ, ճնշված, օրենքից չհասկացող, դժբախտ շարքային քաղաքացիներին պաշտպանող իսկական մարդու, մեծ հայրենասեր, խնդրում եմ Ձեր օգնությունը, որպեսզի նոր գլխավոր դատախազ պարոն Կոստանյանը կարգադրի Արմավիրի նորանշանակ մարզային դատախազին և քննչական մարմնին՝ արդարացի քննություն իրականացնեն և կատարված արարքին համապատասխան հոդված առաջադրեն: Ինչո՞ւ նախնական առաջադրված հոդվածը՝ 2-4 տարի, վերափոխվեց 4-8 տարի հոդվածի:
Ես կողմ եմ օրենքի խիստ կիրառմանը, բայց օրենքը պետք է ճիշտ կիրառվի, ոչ թե Արմանի նման մանկամիտ հորթին հանիրավի ծանր հոդվածով դատեն ու ներկայացնեն՝ իբրև հատուկ վտանգավորության ռեցիդիվիստ են ձերբակալել՝ համարելով իրենց առջև դրված պլանը կատարված: Որ օրն ազատվեց կալանքից, Արմավիրի ոստիկանության առջև կստանձնեմ պարտավորություն՝ երկշաբաթյա ժամկետում, կարեկից, ցավակից բարեկամի օգնությամբ ինքնաթիռի տոմսի հարցը լուծել և Արմանին ուղարկել Դանիա՝ կնոջ ու երեխայի մոտ: Թախանձագին խնդրում եմ Ձեր օգնությունը: Ներկայումս գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում»: