«Կարևորը տնտեսություն զարգացնելն է, որովհետև ստից, դատարկ, բաց քամակով` էս կողմ, էն կողմ վազելն անարդյունք բան ա»

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն` մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների գագաթաժողովին:

Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսվում էր ստորագրել Վիլնյուսում, անհաջողության մատնվեց, երբ Հայաստանն անսպասելի շրջադարձ կատարեց` սեպտեմբերի 3-ին հայտարարելով Մաքսային միությանն անդամագրվելու` Հայաստանի մտադրության մասին: Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը մասնակցում վեհաժողովին` այն էլ` նախագահի մակարդակով, ի՞նչ են մտածում հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ինչ ակնկալիքներ ունեն Վիլնյուսից:

Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, թե Սերժ Սարգսյանի ներկայությունը գագաթաժողովին իր մեջ «հետաքրքիր մեսիջ» է պարունակում: Ըստ նրա` այն ցույց է տալիս, որ Հայաստանի և Եվրամիության մեջ կստորագրվի մի նոր փաստաթուղթ` համագործակցության նոր ուղղության մասին: «Ես մեծ հույս ունեմ, որ հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Եվրամիության կողմից աջակցությունը կշարունակվի, և Հայաստանը կշարունակի զարգանալ եվրոպական ուղղությամբ, կպահպանվեն այն բոլոր արժեքները, որոնք 3.5 տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանը փորձում էր ներմուծել իր կյանք` չնմանվելով ղազախական մոդելի պետություններին:

Քանի որ չեմ հավատում, որ Մաքսային միությունը հաջողած պրոյեկտ կլինի, այս տեսակի շարունակությունը Եվրոպայի հետ հնարավորություն կտա պահպանել մեր ձեռքբերումները դեպի եվրոպական զարգացում»,- նշեց Թևան Պողոսյանը` ավելացնելով, որ Հայաստանը վեհաժողովում կունենա «մեկ քայլ ավելին», քան Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, ուստի բոլոր ճանապարհները դեպի Եվրոպա փակ չեն: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը «ներքին ուրախությամբ» նշեց նաև, որ մասնակցությունը վիլնյուսյան գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով` արդեն իսկ հաջողություն է. «Շատ լավ է, որ նախագահն է գնում, այլ ոչ թե, օրինակ, արտաքին գործերի նախարարը կամ ավելի ցածր: Ինչ-որ չափով սա հաջողություն է, որովհետև, եթե լիակատար շրջադարձ լիներ, մենք ավելի ցածր մասնակցություն կունենայինք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնում Վիլնյուս, եթե Հայաստանն Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրելու, ասաց. «Դե, այնտեղ ԵԺԿ-ի համագումարն էլ կա… գուցե ԵԺԿ համագումարին է մասնակցելու»:

Երբ Լյովա Խաչատրյանին տեղեկացրինք, որ պաշտոնական հայտարարություն կա Ս. Սարգսյանի մասնակցության վերաբերյալ, նա նշեց. «Դե, եթե հայտարարություն կա, ուրեմն կմասնակցի: Բայց թե ինչի՞… չգիտեմ: Բայց ամեն տեղ էլ գնալ ա պետք` հանկարծ վատ բան չլինի»: Լյովա Խաչատրյանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե Հայաստանը մասնակցում է գագաթաժողովին, որ «Եվրոպային ամոթով չթողնի»` նշելով. «Չեմ կարծում, որ Եվրոպան ամաչելու բան ունի»:

Ըստ նրա` թեև Հայաստանն ընտրել է Մաքսային միությանը միանալու ուղին, այնուամենայնիվ, կշարունակի համագործակցել նաև Եվրոպայի հետ. «Իշխանությունները հավերժ չեն` մի օր մի բան են մտածում, հետո մյուսները մի ուրիշ բան կմտածեն: Ոչ մի երկիր էլ օրվա իշխանությունների պատճառով իր հարաբերությունները չի փչացնում»:

Մեր հարցին, թե հաջորդ իշխանությունները Եվրոպայի հետ համագործակցության հարցը կհաջողե՞ն, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե հա, միգուցե: Ոչ մի բան չի կարելի բացառել` ոչինչ հավերժ չի: Երեկ Եվրոպա էինք գնում, վաղն Ասիա ենք գնում, մյուս օրը կարող ա Միջին Ասիա գնանք: Բայց կարևորը դա չէ` տնտեսություն զարգացնելն է, որովհետև ստից, դատարկ, բաց քամակով` էս կողմ, էն կողմ վազելն անարդյունք բան ա»:

Մեր հարցին, թե արդյոք ակնկալիքներ ունե՞ք, որ որևէ փաստաթուղթ Վիլնյուսում կստորագրվի, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի փաստաթուղթ չի անդրադառնա ժողովրդի վիճակի վրա»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ համոզված է` Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս` առանց որևէ լուրջ ակնկալիքների: Մեզ հետ զրույցում Հրանտ Բագրատյանն ասաց. «Չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ բան է սպասում մեզ»:

Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը նշեց. «Դե, ՀՀ նախագահն է, որ հարգեն` մի թուղթ ստորագրի, կստորագրի` չի ստացվի, որ իզուր գնաց… լավ կլինի: Բայց ընդհանուր ի՞նչ կարող է ստորագրել… Եթե մենք ստորագրում ենք մի տարիֆ, ասենք` մի թիվ, օրինակ` հեռախոս ներմուծելու վրա` 20 տոկոս, Եվրոպայում էլ` 12 տոկոս, չենք կարող, չէ՞, միաժամանակ երկուսն էլ ստորագրել:

Այս առումով ամեն ինչ հակասում է»: ՀԱԿ պատգամավորը նշեց, թե մեկնելով Վիլնյուս` Հայաստանը Եվրոպայի առաջ «պարզ երես է լինում, տեղ ա մնում», բայց, ըստ նրա, գագաթաժողովը կարևորել պետք չէ. «Մեծացնել այդ երևույթը, ուռճացնել` չի կարելի: Լավ կլիներ ժողովրդին հարցնեին, ժողովուրդն իր կամքն արտահայտեր, ու գնայինք էդ ուղղությամբ, թե չէ սենց…»:

Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե մեծ անակնկալներ Վիլնյուսում չեն սպասվում: Նա նշեց, որ իշխանությունն ինչի մասին խոսել է այս ընթացքում` գագաթաժողովի ժամանակ կիրականացնի: Արդյոք ՀՀ-ն փաստաթուղթ կստորագրի՞, թե՞ ոչ, Հովհաննես Սահակյանը դժվարացավ պատասխանել, ապա նշեց. «Ես հակված եմ մտածելու, որ ինչ-որ մի բան կստորագրվի: Անունը չեմ կարող ասել` ի՞նչ կլինի դա, բայց կստորագրվի»:

Անդրադառնալով ընդդիմության տեսակետներին, թե Սերժ Սարգսյանը մեծ պատվիրակությամբ մեկնում է Վիլնյուս, և որևէ դեկլարատիվ թուղթ կստորագրվի, որպեսզի այցը «անտեղի» չլինի, Հովհաննես Սահակյանը նկատեց. «Չեմ կարծում, թե մասնակցելը` անկախ նրանից, փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ, անտեղի է, որովհետև համաժողովի ժամանակ քննարկվում են կարևոր հարցեր, ճշգրտվում են հետագայի անելիքները, և այլն, ուստի այն անտեղի լինել չի կարող»:

Ըստ նրա` այցից հետո Եվրոպա-Հայաստան համագործակցությունն ավելի ինտենսիվ կզարգանա, հատկապես` քաղաքական ուղղությամբ, այն կարևոր ծրագրերի շրջանակներում, որոնք այս տարիների ընթացքում արվել են ԵՄ-ՀՀ համագործակցության արդյունքում:

Նշենք, որ Վիլնյուսում նախագահը կմասնակցի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս