«Մամաս եկավ տուն, նայեց աչքերիս մեջ ու ասեց՝ ես ձեզնից հրաժարվում եմ»
7-րդ դասարանցի Էրիկը տխուր է… այնքան տխուր, որ անգամ խեցեգործության մեջ մխրճվելով` չի մոռանում իր ու մոր վերջին հանդիպման ակնթարթները: Ինձ նվիրում է իր ամենահաջողված գործը՝ կավե խաչն, ու ասում. «Չէ, չեմ կարոտում մամայիս: Էս խաչը նվիրում եմ, որ ձեզ հաջողություն բերի: Ճիշտ եմ ասում՝ մամայիս չեմ կարոտում»:
Փախչում է սենյակ՝ խոստանալով մոր լուսանկարն ինձ ցույց տալ, բայց հետո երկար, շատ երկար ժամանակ չի երևում: Մոտենում եմ տղային, որն անկյունում կծկված փորձում է իր ձեռքով կտրտած նկարները հատիկ-հատիկ իրար կողքի շարելով` մոր պատկերը ստանալ: Չի ստացվում, հավանաբար այնքան մանր է կտրտել ու այնքան բարկացած է կտրտել, որ լուսանկարներն անվերադարձ պատռվել են:
Ամեն դեպքում՝ մանր կտորները կրկին հավաքելով՝ ոչ թե նետում, այլ անփույթ լցնում է դարակը: Չլացելու բարդույթից սենյակի մի ծայրից մյուսն է գնում, փորձում է տղամարդավարի զգացմունքները կառավարել: Անզուսպ բղավում է՝ «Գիտե՞ք, մամայիս վերջին անգամ երբ եմ տեսելգ Երբ եկավ տուն, նայեց աչքերիս մեջ ու ասեց՝ ես ձեզնից հրաժարվում եմ: Գնաց ու էլ չեկավ»: Էրիկի տատիկը՝ տիկին Անահիտը խնդրում է, որ նա երկու երկվորյակ քույրերի հետ դուրս գնա: Քույրերն իջնում են բակ, բայց տղան տատի կողքից չի հեռանում:
Տիկին Անահիտն ասում է՝ երեխաների մայրը սկսել է վատ վարքագիծ դրսևորել այն ժամանակվանից սկսած, երբ իր տղան՝ Ռուդիկը, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: «Իբր ընդունվել էր աշխատանքի, բայց շատ ուշ էր տուն գալիս, պատահում էր` գիշերներն էլ չէր գալիս: Տղաս վերադարձավ, ու սրանց վիճաբանությունները մեր օրերը վերածեցին տառապանքի: Կնոջը տուն չէր կարողանում բերել, սկսել էր ծեծել: Արդյունքում՝ արդեն օրերով ու ամիսներով էր գնում կորում»,- պատմում է տիկին Անահիտն՝ ավելացնելով, որ հարազատների օգնությամբ բազմիցս փորձել են երեխաների մորը կարգի հրավիրել՝ նրան առաջարկելով նոր կյանք սկսել ընտանիքի հետ, բայց… Բայց Անուշն արդեն սկսել է տուն վերադառնալ ծեծված դեմքով:
«Բանից պարզվեց՝ տղամարդկանց հետ է գիշերներն անցկացնում, չգիտեմ ինչ հարց ա ծագել, բայց տարել էին, մոստի տակ էնպես էին ծեծել, որ քիթը ջարդվածք էր ստացել: Վախից ամբողջ գիշեր փողոցներում էր անցկացրել, առավոտյան նոր տուն եկավ: Հասկացան, որ չեն կարա իրար հետ ապրեն, տղաս չհանդուրժեց, որ կինը փողոցներում ման գա, իսկ ինքը սուս մնա: Գնաց երեխաների մայրը, ու մինչև հիմա չգիտենք` ուր ա: Փորձ էլ չի արել երեխեքին տեսնել: Վերջին անգամ երկու տարի առաջ եկավ, հայտարարեց, թե` հրաժարվում եմ երեխեքից, ու դրանից հետո լուր չունենք»,- ասում է տիկին Անահիտը:
Երեք անչափահաս երեխաներն, արդեն երկու տարի է՝ մորը չեն տեսել, իսկ հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:
Տատիկ-պապիկի խնամքին մնացած երեխաներն ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող, նախկինում բաղնիքի շենքի մի սենյակում, որը նրանց տվել են վարձակալությամբ:
Ամռանը 74 տարեկան Էդվարդ պապը շինարարության վրա է աշխատում, որ հացի գումար աշխատի, բայց հիմա հինգ հոգանոց ընտանիքը պապի 26.000 դրամ թոշակի հույսին է: Ընտանեկան նպաստ չեն ստանում, քանի որ չեն կարող գրանցվել ուրիշի շինության տարածքում:
Տիկին Անահիտին հարցնում եմ՝ «Լավ, երեխաների մայրը վատ վարք ուներ, լքել է երեխաներին, բա ձեր տղա՞ն: Գոնե նա երեխաների կողքին լիներ»: Ասում է՝ «Մենք էլ ենք դա ասում՝ ինչքան ժամանակ ա: Ասում ա՝ փող չունեմ, որ հետ գամ, չեմ կարում գումար աշխատեմ, որ տոմս առնեմ: Նա իր գլուխն առավ, փախավ, հերն էլ` իր»:
Տիկին Անահիտը հավանաբար ամեն ինչ չէ, որ պատմում է, քանի որ մայրն է անբարոյական, բայց հայրը…
Երեք երեխաների պատմությունը դպրոցում գիտեն ու նրանց առանձնահատուկ են վերաբերվում ուսուցիչները: Տիկին Անահիտն ասում է՝ անգամ գրքի գումար չեն պահանջում ու մշտապես իրեն հորդորում են՝ «Երեխեքին մենակ չթողնել»:
Տիկին Անահիտը հիմա տղային խնդրում է վերադառնալ Հայաստան, օրինական կարգով ամուսնալուծվել, և որպես նրանց խնամակալ` ճանաչել տատիկ-պապիկին: «Գիտե՞ս ինչքան եմ վիճում, որ զանգում ա, ասում եմ՝ սոված-ծարավ թողել ես, գոնե գիտե՞ս ոնց են ապրում: Գոնե որպես խնամակալ ճանաչեն, աղքատության նպաստ կստանանք, էս ծեր ամուսիններով մի կերպ կպահենք»,- ասում է նա:
Կյանքից դառնացած տիկին Անահիտը հիշում է, թե ինչպես է միայնակ որդուն պահել ու ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչպե՞ս են որդին ու հարսը սառնասրտորեն երեխաներից հեռացել: Էրիկն ասում է՝ երբեք մորը չի ների: «Ես իրա հեռախոսից լիքը ուրիշ տղամարդկանց նկարներ եմ հանել, դրանք իմ մոտ են»: