Մասիսի բնակիչները բողոքում են քաղաքային աղբանոցի գարշահոտությունից
«Առավոտին» են դիմել Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ` իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի էկոլոգիական ոչ բարվոք վիճակից: Բնակիչներն ասում են, որ իրենք գրեթե ամեն օր եւ օրվա տարբեր ժամերին հարկադրված են շնչել քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքային աղբավայրի այրվող ծուխն ու գարշահոտությունը: Բնակչուհի Մարգարիտա Մարգարյան ասաց. «Երկար ժամանակ է, արդեն քանի տարի, շնչում ենք այդ օդը: Աղբանոցը մտնում է մեր տները, ամռանը լուսամուտ բացել չի լինում, հենց բացում ենք, աղբի գարշահոտությունը տուն է մտնում: Հետաքրքիր է, որ այդ իրավիճակը ստեղծող մարդկանց միթե այդ օդը հաճելի է, նրանց չի անհանգստացնում դա: Արդեն շատ երկար ժամանակ է, որ մենք բողոքում ենք, ստորագրահավաք ենք կազմակերպել, դիմել տարբեր ատյանների, բայց անարդյունք: Մենք անձամբ գնացել տեսել ենք, որ այդ աղբը այրում են: Էլ չգիտենք՝ ում բողոքենք այս անօրեն երկրում»: Բողոքավոր բնակիչներից մեկն էլ ասաց. «Այդ թունավոր գազերը նպաստում են խրոնիկ, բրոնխային հիվանդությունների, ինֆարկտի, այստեղ գրեթե բոլորը բրոնխիալ հիվանդություններ ունեն: Մի օր գնում ենք գյուղ Ռանչպար, այն աստիճանի է ծուխը, մառախուղ է ստեղծում, որ տեսանելիությունը զրոյական է: Եվ իրենք այն մարդիկ են, որ չես կարող հաստատել, կասեն` դու ես` ես չեմ, դու ես այրում, ես չեմ այրում: Մենք Մասիսում գնում ենք դանդաղ մահվան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: