Ավանդական կուսակցությունները թե Հայաստանում, թե Սփյուռքում նախկին հեղինակությունը չունեն
Քիչ առաջ «Անի» հյուրանոցում մեկնարկեց ՍԴՀԿ թվով 9-րդ համագումարը: Ներկաները՝ նախ ՀՀ օրենքի և Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության քայլերգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված հայրենակիցների հիշատակը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սագսյանը: Նա նշեց, թե ավանդական կուսակցությունները թե Հայաստանում, թե Սփյուռքում «ցավոք, նախորդ տարիների համեմատ մեծ հեղինակություն, կարևոր գործառություն չունեն»:
«Ցավով եմ արձանագրում սա, բայց երեք ավանդական կուսակցություններին էլ սա առնչվում է: Բայց ՍԴՀԿ-ն իր ավելի քան մեկ դարյա փառապանծ ճանապարհով ընդունակ է մեծ առաքելության ու հայերի մի զգալի մասը հաստատ իր մեջ՝ իր երանգներում կրում է ՍԴՀԿ-ի գաղափարախոսությունը, պատմական դիրքորոշումների ոգին, որը ունեցել է հնչակյան կուսակցությունը»,- ասաց Սուրեն Սարգսյանը, ապա հավելեց, որ իրենք սատարում են ՍԴՀԿ-ի հետագա բոլոր կարևորագույն հայրենանպաստ քայլերը: Նա վստահություն հայտնեց, որ ՍԴՀԿ-ն մեծ ու կարևոր ներդրում պետք է ունենա Հայաստանի հետագա առաջընթացն ապահովելու գործում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր ելույթում նշեց, թե իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել համագումարին, ապա հավելեց, թե ինքը տասնամյակներ շարունակ առնչվում է ՍԴՀԿ-ի հետ՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում: «Եվ ինձ տպավորել են այն աշխատանքները, որոնք տարվում են հայապահպանության ասպարեզում: Ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը ոչ միայն այն պատճառով… նախ իսկապես ազգային արժեք է, այդ ակունքներից են սնվել անհատներ, կառույցներ, որոնք այսօր արդեն կայացած են, հեղինակություն են վայելում: Եվ հետո 21-րդ դարում հնարավոր չէ առանց ժողովորդավարության, դեմոկրատական արժեքների արձանագրել առաջընթաց ու բնական է, որ սոցիալ-հնչակյան գաղափարախոսությունն այն կարևոր արժեքն է, որը նաև պետք է օգնի նոր ժամանարներում առավել իրատեսական ծրագրեր մշակելու և իրագործելու հարցում»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Ի դեպ, համագումարին ներկա է նաւ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի վարդանյանը: