Բաժիններ՝

Ապացուցե՛ք ինձ, որ ես սխալ եմ, և ես հրաժարական կտամ. Նիկոլայ Ազարով

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշմանն առնչվող իր բերած փաստարկները ճանաչվեն անհիմն. «Ապացուցե՛ք ինձ, որ ես սխալ եմ:

Մենք դիմել ենք եվրոպական կողմին` խնդրելով օգնել Ռուսաստանի հետ առևտրի ծավալի անկման պատճառով ապրանքաշրջանառության վերականգնման հարցում, սակայն չստացանք երաշխիքներ: Ուկրաինան նաև դիմել է ԱՄՀ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում օգնության համար: Մեզ դրական պատասխան տվեցին: Անցավ մեկ ամիս, երկրորդ ամիսը, իրավիճակը շարունակում էր վատթարանալ, սակայն ոչ մի օգնություն:

Ահա թե ինչն է հետաքրքիր. նրանք, ովքեր մեզ մեղադրում են բոլոր մահացու մեղքերը գործելու մեջ, միգուցե թափ տան իրենց և ժողովրդին վճարեն այն 20 միլիարդ դոլարի հավելավճարը, որը մենք գազի համար վճարել ենք Ռուսաստանին (2009 թվականին Ուկրաինայի համար ոչ ձեռնտու պայմաններով Ռուսաստանի հետ Տիմոշենկոյի կնքած գազային համաձայնագիրը, ինչի համար նրան դատապարտել են 7 տարվա ազատազրկման):

Թող վեր կենան և ասեն, որ քանի որ նախկին վարչապետը (Տիմոշենկոն) ամեն ինչ ճիշտ է արել, մենք պատրաստ ենք մարել այդ բոլոր վիթխարի պարտքերը: Դժբախտաբար, մենք երբեք դա չենք լսի նրանցից: Ուկրաինան բնակչության համար բարձրացնելու է գազի ներքին գները մինչև Ռուսաստանի հետ գազային պայմանագրի վերանայումը: Կիևն այդ մասին իրազեկել է ԱՄՀ-ին, ով խորհուրդ է տալիս կենցաղային բաժանորդների համար զգալիորեն (գրեթե 40 տոկոսով) բարձրացնել գազի գները:

Ինչո՞ւ մեր մարդիկ պետք է գազի համար վճարեն անոմալ բարձր գին, Եվրոպայում ոչ ոք չի վճարում այդպիսի գին: Մենք ԱՄՀ-ի առջև պայման դրեցինք, որ կայամանավորվենք Ռուսաստանի հետ, անցում կկատարենք հիմնավոր գնի, և այդ ժամանակ հնարավոր կդառնա սակագների վերանայման հարցը: Քանի դեռ չենք պայմանավորվել, մենք չենք փոխի սակագները:

Ուկրաինան չի հրաժարվում ԱՄՀ-ի հետ գործընկերությունից, սակայն երկիրը երբեք չի գնա իր համար անընդունելի պայմաններին միայն նրա համար, որ վերականգնվի հիմնադրամի հետ ֆինանսական համագործակցությունը: Մենք ԵՄ-ին խնդրել ենք ֆինանսական օգնություն ցուցաբերել մեզ:

Ինչ-որ մեկն ասում է` ստորագրենք (Ասոցացման) համաձայնագիրը, և «փողի գետերը» կհոսեն դեպի Ուկրաինա: Մեծ ցավով նկատեմ, որ դա այդպես չէ: Մեր վարած բանակցություններում ընդհանուր առմամբ խոսք է գնացել միայն մեկ թվի մասին. յոթ տարում մեկ միլիարդ եվրո օգնության մասին: Տպավորիչ է, չէ՞»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս