
«Վեցյակի» անդամ երկրների արտգործնախարարները հավաքվում են Ժնևում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր առավոտյան ժամանել է Ժնև, ուր և մասնակցելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քերին որոշել է անձամբ մասնակցել այդ բանակցություններին, որոնք ունեն լուրջ հնարավորություններ` ավարտվելու համար Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի ստորագրմամբ: Ակնկալվում է, որ այսօր Ժնև են ժամանելու նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Գերմանիայի արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն իսկ գտնվում է Ժնևում:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը Ժնևում մեկնարկել է չորեքշաբթի: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրենք առաջընթաց են գրանցել 90 տոկոսով, և որ մնացել է լուծել երկու կամ երեք հարց: