Բաժիններ՝

«Մենք և մեր ընտանիքները ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգումների»

Բաց նամակ ՀՀ Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանին

«Հարգելի պարոն Թովմասյան
Հենց նախաբանից ցանկանում ենք Ձեզ իրազեկել, որ դատապարտյալներիս կողմից Ձեզ ներկայացվող բաց նամակի պահանջը բոլորովին ինքնանպատակ չէ։ Մենք` ներքոստորագրող դատապարտյալներս` բոլոր դատապարտյալներիս կողմից ներկայացնում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում տիրող դաժան օրինախախտումները, որոնց հետևանքով մենք և մեր ընտանիքները ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգումների։
Մենք` ս.թ. 26.09 «168 Ժամ» օրաթերթի միջոցով արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ բաց նամակով, որի տակ ստորագրել էինք 104 դատապարտյալ, սակայն թե Ձեր, թե Արդարադատության նախարարության աշխատակազմից արձագանք և պատասխան չենք ստացել, մեր կողմից բարձրացված հարցը (Վաղաժամկետ-պայմանական ազատման չկիրառումը) այդպես էլ լուծում չի ստացել, և շարունակվում է այն աբսուրդ իրավիճակը, որը հետևանք է օրենքի պահանջների շրջանցման, անտեսման կամ ուղղակիորեն միտումնավոր ոտնահարման կապված վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գորդյան հանգույցին։

Մասսայական մերժումները գնալով հանգեցնում են այն տխուր իրավիճակներին, որ դատապարտյալներիս մեծ մասի մոտ նկատվում են հոգեկան շեղվածության ախտանշաններ։ Օրենքով սահմանված և ամրագրված պահանջների անհիմն, անհեթեթ, անօրինական պատճառաբանություններով մասսայական մերժումները հիմնավորվում են ներքին կարգով վերևներից տրված բանավոր հրաման-հրահանգների կտրուկ մեկնաբանությամբ։

Մինչև այսօր մեզ անհայտ է, թե ո՞վ է կամ ովքե՞ր են այն պաշտոնատար անձը կամ անձինք, որոնք իրենց օրենքից դուրս և բարձր են դասում և բանավոր կարգով հրահանգում իրականացնել մասսայական մերժման գործողություններ։ Այս հարցով դիմել ենք Ձեզ և բոլոր պատկան մարմիններին, սակայն մինչ այսօր ոչ խնդիրն է լուծված, և ոչ էլ պատասխան ենք ստացել։ Բոլորովին անիմաստ է մերժումը (մերժման որոշումը) դատական կարգով վիճարկելու գործընթացը։

Առավել անհասկանալի է մեզ բոլորիս համար ՀՀ նախագահի հրամանագրով գործող և իրեն ենթարկվող «անկախ հանձնաժողովի» գործելաոճը, վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացների կիրառման ուղղությամբ տարվող պրոցեսները. «Հանձնաժողով», որը ստեղծվել է հակակոռուպցիոն նշանակությամբ և իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է կամայականությունների դրսևորմամբ դատապարտյալներիս նկատմամբ, հասարակությանը ներկայանալով` որպես կոռուպցիայի դեմ պայքարի, կամ, որ միևնույն է` հակակոռուպցիոն իր յուրօրինակ «գործողություններով», բացահայտ խաբկանք, ավելի ճիշտ` ինքնախաբկանք։ Մենք չենք հիշատակում հայաստանյան իրականությունում տիրող անօրինական դատավարությունները և դատաիրավական համակարգում տիրող այլանդակությունները։ Իսկ «Անկախ հանձնաժողովը», փոխանակ հետևի «վարչական հանձնաժողովների» աշխատանքին, իր կամայականություններով ստիպում է վերջիններիս` մերժումների 80-90%-ը վերցնել իրենց վրա, իրեն թողնելով 10-15%-ը։

Վաղաժակետ ազատման մերժման առաջին իսկ պահից սկսած, որը հետագայում կրում է շարունակական բնույթ և շղթայական ռեակցիա, յուրաքանչյուր մերժվողիս և ընտանիքներիս անդամների մոտ սկսվում է պարզապես բարոյահոգեբանական խոշտանգման մի անվերջանալի պրոցես, որը կարող է դառնալ ցանկացած դատապարտյալիս հոգեկան շեղվածության բուն պատճառ, և դառնում է։
Մեզանից շատերին մերժելու ժամանակ ասում են` դու չես ուղղվել, դու լիարժեք չես ուղղվել, դու դեռ չես ուղղվել, քո հոդվածը ծանր է, դու չես աշխատում, բայց այս բոլոր պատճառաբանություններն անհիմն են, ինչպես նաև այս պատճառաբանությունը` տակը դեռ շատ ես թողնում. ի՞նչ է սա նշանակում, չէ՞ որ օրենքն է պահանջում ազատել պատժի 1/2-ը կրելուց հետո. իմ պատիժը, օրինակ, 7 տարի է, այսինքն` տակը թողնում ենք 3 տարի 6 ամիս, կամ 3 տարի, ուրեմն մեզ չպե՞տք է ազատեն, ապա ինչի՞ համար են այդ օրենքները, պարոն նախարար։

Պարոն նախարար, մեզ` բոլոր դատապարտյալներիս, առաջնահերթ անհանգստացնում է վաղաժամկետ-պայմանական ազատման լիարժեք, նորմալ ըստ օրենքի պահանջների կիրառումը, և նոր միայն պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը (բաց տիպ) և դրանից հետո միայն` վերջին լուրջ խնդիրը, օրենքի պահանջը` դատապարտյալին առանց ուղեկցողի տարեկան մեկ կամ երկու անգամ կարճաժամկետ մեկնման տրամադրում` որպես խրախուսանքի միջոց, ինչը կնպաստի դատապարտյալին աստիճանաբար հասարակությանը մոտեցնելու գործընթացներին։
Պարոն Թովմասյան, եթե որևէ անձ` նախկինում դատվածություն չունեցող, հանգամանքների բերումով դատապարտվել է, դա չի կարող նշանակել, որ նա հանցագործ է։

Մենք` ուղղված դատապարտյալներս, ցանկանում ենք վերադառնալով մեր խարխլված ընտանիքներ` վերականգնել և վերանորոգել նրանց պայմանները և հարաբերությունները։ Նպաստել հասարակության և պետության զարգացմանը, մասնակցել մեր քաղաքացիական պարտականությունների էլեմենտար իրականացմանը, որպես Հայ-մարդ- անձնավորություն` մեր գենետիկ արմատներից չկտրվել և այդ նույն գենետիկ ֆոնդի զարգացմանը մասնակցել, նպաստել և օժանդակել։

Հարգելի պարոն նախարար, մենք` ներքոստորագրող` «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներս, բոլոր դատապարտյալների կողմից դիմելով Ձեզ` խնդրում ենք` բարձրացնել այս հարցը, միջամտել, որպեսզի այդ խնդիրն ունենա դրական լուծում, և վաղաժակետ-պայմանական ազատման գործընթացը գործի, կիրառվի ըստ օրենքի պահանջների` ՀՀ քր օր. 76, 77 և Քրեակատարողական օր-ի 114, 115-րդ հոդվածների պահանջների»։

Նամակը ստորագրել են թվով 30 դատապարտյալներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս