Բաժիններ՝

Իմաստության ատամների ծկթման ժամանակ առաջացող բարդությունները

Իմաստության ատամները տարբեր մարդկանց մոտ՝ տարբեր տարիքում են ծկթում, բայց, սովորաբար՝ 16-25-ում, երբեմն էլ ավելի ուշ՝ 30-40 տարեկանում, կամ ընդհանրապես չեն ծկթում (ռետենցիա): Ծկթումը սովորաբար սկսվում է մեդիալ (միջային) թմբիկից, ուղեկցվում ցավով: Խախտվում է լնդի լորձաթաղանթի ամբողջականությունը, պսակի վրա առաջանում  են լնդային լաթ և գրպանիկ: Դրանց մեջ թափանցում են բերանի խոռոչի մանրէները, սննդի մնացորդները, որոնք ողողումների ժամանակ դուրս չեն գալիս, որովհետև այդ ատամների պսակների ծամող մակերեսը խիստ անհարթ է: Դրա հետևանքով ծամելու ժամանակ լնդային լաթը վնասվում է, նրա ներսային մակերեսին առաջանում են խոցեր, լնդագրպանիկում՝ էքսուդատ, որոնք նպաստում են մանրէների ակտիվ գործունեությանը:

Իմաստության ատամների դժվար ծկթումը պայմանավորված է պրոցեսի ծանրության աստիճանով, որը լինում է թեթև, միջին ծանրության և ծանր: Թեթևի ժամանակ հիվանդները գանգատվում են ցավից և բերանի ոչ լրիվ բացումից: Հետազոտելիս պարզվում է, որ լորձաթաղանթային լաթն այտուցված է, իսկ ճնշելու դեպքում երբեմն լնդագրպանիկից թարախ է արտադրվում: Ռենտգենյան պատկերի վրա ոսկրային փոփոխություններ չեն լինում: Երբեմն հայտաբերվում են ֆոլիկուլյար կամ ռադիկուլյար կիստաներ, ատամի դիրքի փոփոխություն և ծկթման տեղի նեղություն:

Միջին ծանրության ծկթման դեպքում առաջանում են ատամի շրջակա և շուրջծնոտային հյուսվածքների կոլատերալ այտուց, արտահայտված կարկամածություն (տրիզմ): Հիվանդի ջերմությունը բարձրանում է, կլլման ակտը՝ դժվարանում: Ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվում են ատամի պերիոդոնտալ ճեղքի լայնացում, պսակի և վզիկի շրջանում՝ լնդոսկրային կիսալուսնաձև ախտահարված գրպանիկ:

Ծանր ձևի ժամանակ վերոհիշյալ երևույթներին միանում են շուրջծնոտային ֆլեգմոնաները:

Կարդացեք նաև

Ամբուլատոր պայմաններում լնդագրպանիկի հատումն ու լաթի հեռացումը հաճախ մասնակիորեն են կատարվում, որի հետևանքով չհեռացված մասում բորբոքային պրոցեսը նորից է կրկնվում: Ընդհանրացնելով վերն ասվածը՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացություններին՝

1. Իմաստության ատամների ծկթման բարդություններն ավելի հաճախ առաջանում են տղամարդկանց մոտ, մեծ մասամբ՝ 21-25 տարեկանում:

2. Ամբուլատոր պայմաններում վիրաբուժական միջամտություն կարելի է կատարել միայն հիվանդության թեթև ընթացքի դեպքում (լնդագրպանիկի հատում, լաթի հեռացում, ատամի էքստրակցիա):

3. Հետագա բարդություններից խուսափելու համար լնդագրպանիկի հատումն ու լաթի հեռացումը պետք է կատարել ատամ պսակի ամբողջ ծամող մակերեսի երկայնքով:

4. Եթե բորոբոքված լաթը վիրահատության ժամանակ խիստ արյունահոսում է, անհրաժեշտ է հեմոստատիկ նյութերով կատարել հեմոստազ, սպասել 15-20 րոպե և նորից շարունակել վիրահատական  միջամտությունը. լաթը լրիվ հեռացնել, լնդագրպանիկն ամբողջությամբ հատել, լաթի ծայրերը ձևավորել այնպես, որ ստանա կլոր կապանի տեսք:

5. Լնդագրպանիկի հատումից հետո տամպոնը այնպես պետք է դնել, որ բորբոքային հեղուկի արտահոսքին չխանգարի:

6. Իմաստության ատամների ծկթման ժամանակ առաջացող բորբոքային պրոցեսների դեպքում լնդագրպանիկը պետք է լվանալ ներարկիչով, որի մեջ անհրաժեշտ է լցնել անտիսեպտիկ լուծույթներ ու ֆերմենտներ:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս