Բաժիններ՝

Ցավոտ դաշտանի պատճառները

Լինելով ֆիզիոլոգիական գործընթաց, դաշտանը կարող է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Շատ կանանց մոտ դրանից 1-2 օր առաջ նկատվում են թեթևակի թուլություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, որովային ստորին հատվածում՝ ծանրության զգացում: Նման երևույթներ ունեցողների մեծ մասին բուժում նշանակել հարկավոր չէ: Սակայն ոմանց մոտ դաշտանն ընթանում է որովայնի ստորին հատվածի կծկողական բնույթի սաստիկ ցավերով, գլխացավով, փսխումով, քնի խանգարումով, աշխատունակության անկումով, հիշողության թուլությամբ, և այլն: Այս բոլորը բնորոշ են արդեն ցավոտ դաշտանին:

Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային:

Առաջնայինը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Սրա պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգերի ֆունկցիոնալ, ինչպես նաև՝ հորմոնային խանգարումները:

Երկրորդային ցավոտ դաշտան ունեցող կանանց մեծ մասի մոտ այն սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների,  դրանց  հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (գերառաջ թեքում և հետթեքում), ձվարանների, հորմոնային անբավարարության հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով:

Կարդացեք նաև

Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում պրոստոգլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմենտրիոզը, և այլն: Միոմայի ժամանակ արգանդի պատը ենթարկվում է փոփոխության, որն էլ դառնում է մեխանիկական արգելք՝ դաշտանի արյան հոսքի համար: Դրա հետևանքով սկսվում են ուժեղ կծկումներ, որոնք ընկալվում են՝ որպես ցավ: Ինչ վերաբերում է էնդոմետրիոզ կոչվող հիվանդությանը, որը շատ հաճախ է դառնում դաշտանի ժամանակ ուժեղ ցավերի պատճառ, ապա պետք է ասել, որ դա պայմանավորված է հետևյալով. տարբեր պատճառների հետևանքով շրջանառվող արյան մեջ ընկնում են արգանդի լորձաթաղանթի մասնիկներ, որոնք կարող են կանգ առնել ինչպես՝ սեռական (ձվարան, արգանդ, փողեր, հեշտոց), այնպես էլ՝  արտասեռական օրգաններում (թոքեր, աղիներ):

Դաշտանի ժամանակ հորմոնների ազդեցությամբ այդ մասնիկները ենթարկվում են փոփոխությունների (արգանդի լորձաթաղանթի փոփոխություն, արյունալեցում, լորձաթաղանթի շերտավորում, և այլն):

Ցավոտ դաշտան ունեցող կանանց խորհուրդ է տրվում դիմել կոնսուլտացիայի, որտեղ կհայտնաբերվեն պատճառները և կնշանակվի համապատասխան բուժում:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս