Բաժիններ՝

Ալկոհոլի չարաշահումից առաջացող հիվանդությունները

Քրոնիկական ալկոհոլիզմը ոգելից խմիչքների երկարատև օգտագործման հետևանք է: Հարբած վիճակ է ստեղծվում նույնիսկ շատ քիչ քանակությամբ խմելու դեպքում: Դա բացատրվում է ալկոհոլի նկատմամբ քրոնիկական ալկոհոլիզմով հիվանդ օրգանիզմի դիմադրողականության ցածր լինելով:

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սպիրտային խմիչքները չարաշահող յուրաքանչյուր 16-րդը դառնում է քրոնիկ ալկոհոլիկ: Վերջինիս ֆիզիկական և հոգեկան կառուցվածքում, հատկապես նյարդային համակարգում, տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ:

Որոշ մասնագետներ խմիչքի օգտագործումից առաջացած հհիվանդությունները դասակարգել են հետևյալ ձևով.

  • Ալկոհոլային զառանցանք կամ սպիտակ տենդ
  • Ալկոհոլային հալյուցինոզ
  • Քրոնիկական հալյուցինոզ
  • Խանդի կամ ամուսնական անհավատարմության զառանցանք
  • Կորսակովյան փսիխոզ
  • Թունդ արբեցում կամ դիպսոմանիա

Ալկոհոլային զառանցանքը կամ սպիտակ տենդը քրոնիկական թունավորման արտահայտություն է: Այն մարդու մեջ առաջ է բերում ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան աշխարհի կայուն փոփոխություններ:

Կարդացեք նաև

Սկզբում ալկոհոլն ազդում է գլխուղեղի կիսագնդերի նյարդաբջիջների գրգռման և արգելակման պրոցեսների վրա՝ խախտելով դրանց փոխհարաբերությունը. Գլխուղեղի կեղևի արգելակման ֆունկցիան և կիսագնդերի ենթակեղևային շրջանները թուլանում են, որի հետևանքով գործողությունները, վարմունքը դառնում են ոչ խելամիտ, ստեղծվում է ինքնագոհ և գրգռված վիճակ, մարդը լինում է շատախոս, թեթևամիտ, ունենում է բարձր տրամադրություն, և այլն: Երբեմն լինում է հակառակը. Ի հայտ են գալիս կոպտություն, բծախնդրություն, բռնություն, առաջանում են անկապ մտքեր ու շփոթվածություն: Այսպիսի վիճակում  մարդը կարող է առանց գիտակցելու հանցանք գործել, որի մասին հետո նույնիսկ չի հիշում: Միաժամանակ տեղի են ունենում շարժումների ու հավասարակշռության խանգարումներ:

Քնելուց հետո նշված երևույթներն անցնում են: Այս ամենի հաճախակի կրկնվելուց արդեն կարող է զարգանալ ալկոհոլային քրոնիկական թունավորման խիստ հաճախ հանդիպող ձևերից մեկը՝սպիտակ տենդը, որի ժամանակ լինում են մարմնի դող և ջերմաստիճանի բարձրացում: Սրանք կարող են սկսվել հանկարծակի կամ նախանշաններով: Հիվանդի մոտ առաջ է գալիս զգայախաբություն, որը երբեմն ընդունվում է՝ որպես իրականություն. Աչքին երևում են տարբեր կենդանիներ, սողուններ, թռչուններ: Նրան թվում է, թե մարմնի վրա ինչ-որ միջատներ  են շարժվում, կամ իրեն հետապնդում են: Հիվանդն անցնում է ինքնապաշտպանման կամ, ընդհակառակն՝ հարձակման, և հանցանք է գործում: Զառանցանքի նոպան տևում է 2 օր: Ալկոհոլ չգործածելու դեպքում նոր նոպա չի առաջանում:

alkol-yasagina-sosyal-tepki-4664334_8160_oԱլկոհոլային հալյուցինոզն իր նշաններով հիշեցնում է նախորդին: Այս դեպքում սկսվում է առավելապես լսողության զգայախաբություն կամ հալյուցինացիա՝ հետապնդման մտքերով: Հիվանդի ականջին հասնում են տարբեր կենդանիների, իրեն սպառնացող, հայհոյող մարդկանց ձայներ: Այս երևույթները ծնում են տարբեր զառանցական գաղափարներ, որոնց ազդեցության տակ նա կա՛մ պաշտպանվում է, կա՛մ անցնում հարձակման: Ալկոհոլային հալյուցինոզը կարող է դառնալ քրոնիկական: Այս դեպքում մարդուն տանջում են ոչ միայն լսողական, այլև տեսողական, հոտառական և այլ պատրանքները: Նրա մոտ առաջանում է հարձակվելու հակում:

Խանդի կամ ամուսնական անհավատարմության զառանցանք: Այս երևույթներն ի հայտ են գալիս ամեն տարիքի այն ալկոհոլիկների մոտ, ովքեր ի բնե կասկածամիտ են, և ում մոտ կան սեռական անկարողության նշաններ: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, վտանգավոր նոպաներ չեն լինում: Հիվանդը սկսում է չարամիտ դառնալ և անընդհատ մտածում է, որ իր կինը դավաճանում է, որ կնոջ շրջապատի բոլոր տղամարդիկ նրա սիրեկաններն են: Սկսում է նվաստացնել նրան, արգելել տնից դուրս գալ, հարազատներին այցելել, և այլն: Այս մտորումներն, ի վերջո, կարող են հանգեցնել հանցագործության:

Կորսակովյան փսիխոզ: Այս հիվանդությունը փսիխոզներից ամենածանրն է և կոչվում է առաջին անգամ այն նկարագրող ռուս տաղանդավոր հոգեբույժ Ս.Ս.Կորսակովի անունով: Դրա ժամանակ մարդու հիշողությունը խիստ թուլանում է. նա նույնիսկ մոռանում է, թե քիչ առաջ ինչ էր անում կամ խոսում: Կորցնում է կողմնորոշվելու, բանականորեն դատելու ունակությունը, աշխատունակությունը, սիրում է չափից ավելի խոսել, պատմել իբր իր հետ պատահած բազմաթիվ դեպքեր: Չնայած դրան, նա պահպանում է սեփական շահի գիտակցումը: Այս հիվանդությունը սակավ է հանդիպում և դժվարությամբ է բուժվում:

Թունդ արբեցում կամ դիպսոմանիա: Սա արտահայտվում է ոգելից խմիչքների նկատմամբ անզուսպ հակումով, որի վերացումը շատ հաճախ անհնար է լինում: Մարդը մի քանի օր անընդհատ խմում է և ապա ընկնում խոր թմրության մեջ: Սթափվելուց հետո զզվում է խմիչքից, բայց դա կարճ է տևում: Ի տարբերություն սովորական ալկոհոլիկի, սրանով հիվանդներն ալկոհոլ են ընդունում նոպան սկսվելու դեպքում:

Նոպայի նախանշաններն են՝ թախծոտությունը, անհանգստությունը, անտրամադիր լինելը: Այսպիսի պահերին մարդն ընդունակ է ամեն մի անթույլատրելի արարքի, անգամ՝ սպանության:

Պատրաստեց ՇՈՂԵՐ  ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս