Բաժիններ՝

Բուժվո՞ւմ է, արդյոք, օստեոխոնդրոզը

Օստեոխոնդրոզը ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարում է, որը բնորոշ է քառասունն անց մարդկանց: Քանի որ դինամիկ և ստատիկ ծանրաբեռնվածությունն ընկնում է հիմնականում պարանոցային ու գոտկային հատվածների ողերի վրա, ուստի դրանք ավելի հաճախ են ախտահարվում:

Ողնուղեղի, նյարդարմատների, պարանոցի, գլուխը սնող արյունատար անոթների և ողնաշարի ոսկրային ու աճառային տարրերի միջև անատոմիական փոխազդեցության փոփոխությունը կարող է սիմպաթիկ նյարդային համակարգի միջոցով ազդել գլխուղեղի և ողնուղեղի, ծայրամասային նյարդերի, զգայարանների, նույնիսկ ներքին օրգանների աշխատանքի վրա: Պարանոցի օստեոխոնդրոզով հիվանդները գանգատվում են այդ հատվածի, ինչպես նաև՝ ուսագոտու, վերին վերջույթների ցավերից, գլխի և պարանոցի շրջանի մաշկի այրոցի զգացումից; Բնորոշ են նաև շարժումների կաշկանդվածության, պարանոցի, ուսահոդի վերին հատվածում ճնշման, գլխում և ականջներում աղմուկի զգացողությունը, ձեռքերի թմրածությունը, գլխապտույտները, տեսողության ժամանակավոր վատացումը, սրտի շրջանի ցավերը: Վերջինիս դեպքում անպայման էլեկտրասրտագրություն է արվում: Բնորոշ է այն, որ օստեոխոնդրոզի ժամանակ սրտի շրջանի ցավերն առաջանում են շարժվելիս, և նիտրոգլիցերինը չի օգնում, այն դեպքում, երբ ստենոկարդիայի ցավերը վերանում են:

Գոտկատեղի հատվածում  ողնաշարային ծագում ունեցող ախտահարումը կլինիկորեն արտահայտվում է գոտկատեղի ցավերով, որոնք հաճախ սկսվում են առավոտյան ժամերին և կարող են վերանալ կամ մեղմանալ քայլելիս, շարժումներ կատարելիս: Ցավերն ուժեղանում են երկար նստած, կանգնած մնալուց, ֆիզիկական աշխատանք կատարելիս, թեքվելիս, հազալիս, փռշտալիս: Գոտկասրբոսկրային ռադիկուլիտի պատճառը ողնուղեղային նյարդարմատների ճնշումն է: Դրա հետևանքով առաջանում են այտուց, երակային կանգ, շրջակա հյուսվածքներում՝ կպումներ, որոնք իրենց հերթին՝ ավելի են մեծացնում արմատների ճնշումը և դառնում ցավերի հիմնական պատճառը: Ցավեր լինում են ոչ միայն գոտկատեղում, այլև երկու կամ մի ոտքում: Ողնաշարի շարժունակությունը նվազում է, մարդը ստիպված հարկադրական դիրք է ընդունում, ոտքերը կարծես մրսում են, թմրում և այլն:

Կլինիկական արտահայտվածությունը՝ հիվանդության ծանրության աստիճանի հետ կապված, կարող է տարբեր լինել: Երբեմն մի շարք ախտանիշներ զուգակցվում են: Այժմ, ինչպես մյուս կազմափոխական հիվանդությունների, այնպես էլ օստեոխոնդրոզի ժամանակ առաջացող փոփոխությունները համարվում են անդառնալի, սակայն կոնսերվատիվ բուժմամբ կարելի է դրանք կանխել, որի շնորհիվ կվերանան նաև երկրորդային բնույթ կրող երևույթները: Առանձին դեպքերում դիմում են վիրահատական միջամտության:

Կարդացեք նաև

Օստեոխոնդրոզից խուսափելու, ինչպես նաև բուժման գործում կարևոր նշանակություն ունեն աշխատանքի ռեժիմը, ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարելը, օրգանիզմը կոփելը, ճարպակալումը կանխելը, վարակի օջախները վերացնելը:

Եթե աշխատանքի բնույթն այնպիսին է, որ երկար ժամանակ նստած կամ կանգնած են մնում, խորհուրդ է տրվում երկու ժամը մեկ ողնաշարին հանգիստ տալ, քայլել, վարժություններ կատարել, աշխատեցնել ձեռքերի, ոտքերի հոդերը: Գլխի պտույտներն ու թեքումները կարող են առաջացնել ուղեղի արյան շրջանառության խանգարումներ: Պատճառն այն է, որ աճած ոսկրերը ճնշում են ողնաշարային և մյուս զարկերակները: Կտրուկ շարժումներից ողնուղեղի նյարդերը սեղմվում են, ցավերը՝ ուժեղանում, ուստի ֆիզիկական շարժումները պետք է լինեն սահմանափակ:

Օստեոխոնդրոզն աղային փոխանակության խանգարման հետևանք չէ, ուստի հատուկ դիետայի կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում սննդի օրաբաժնում ընդգրկել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, բացառել ալկոհոլային խմիչքները, կծու և թթու մթերքները:

Ներքնակը պետք է լինի կոշտ (պարալոնային կամ զսպանակավոր): Պարանոցային օստեոխոնդրոզ ունեցող  մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ, ցածր կամ լրացուցիչ փոքր  բարձ: Սրացման ժամանակ պետք է հանգիստ մնալ, իսկ ծանր դեպքերում պառկել տախտակի վրա, ցավոտ հատվածում պղպեղով սպեղանի կպցնել, մագնիտոֆորային ապլիկատորներ դնել, շփել ցավազերծող քսուքներով:

Պարանոցի հատվածի բեռնաթափման համար խորհուրդ է տրվում հագնել կիսակոշտ օձիք: Եթե երկու-երեք օրվա ընթացքում ցավերը չեն թուլանում, պետք է դիմել բժշկի, որը և կընտրի համապատասխան ՝ դեղորայքային (ցավազերծող, հակաբորբոքային, հակաայտուցային միջոցներ, վիտամիններ), ֆիզիկական մեթոդներով բուժում, ասեղնաբուժություն, նովոկաինային բլոկադա, մերսում, և այլն:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս