ԵԱՀԿ-ն խրախուսում է ուսանողական բանավեճերը Հայաստանում
Մոտ 35 ուսանող յոթ հայկական բուհերից հավաքվել են Երևանում՝ մասնակցելու բանավեճերի եզրափակիչ փուլին այսօր և վաղը:
Նախաձեռնությունը, որին աջակցում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ( ՋՀՀ ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ուսանողներին հնարավորություն է ընձեռում բարելավելու հրապարակային խոսքի, բանավիճելու և հետազոտական հմտությունները, ինչպես նաև օգնում է խթանել քաղաքացիական ակտիվությունն ուսանողների շրջանում:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թ. մայիսին, և ներգրավել է 18-25 տարեկան 280 ուսանող՝ Երևանից, Իջևանից, Գավառից, Գյումրիից, Գորիսից, Կապանից և Վանաձորից: Մասնակիցների համար թե՛ բանավեճի և թե՛ հետազոտությունների վերաբերյալ դասընթացներ են կազմակերպվել, ինչպես նաև մի շարք թեմատիկ սեմինարներ՝ պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մասին՝ վերջնական մրցաշարին նախապատրաստելու նպատակով: Քննարկման թեմաները անդրադառնում էին ամենատարբեր ոլորտների՝ ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության և երիտասարդական քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորումը, կանանց դերը զինված ուժերում և այլն: Հաղթողները կհայտարարվեն բանավեճերի եզրափակիչ փուլից հետ, որը տեղի կունենա վաղը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը նշեց. «Արդյունավետ հաղորդակցման ունակությունը ժողովրդավարության կենսունակության կարևորագույն երաշխիքն է: Հասուն, կայուն ժողովրդավարական հասարակություններում ոչ միայն լայն ասպարեզ Է ապահովվում տարակարծության համար, այլև քաղաքացիներն իրենք են իրազեկ և համոզիչ` իրենց տեսանկյուններն արտահայտելիս: Իսկապես ոգևորիչ է այսօր տեսնել, թե ինչպես են այդ հմտությունները կիրառվում»:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը հավելեց. «Երիտասարդների շրջանում հաղորդակցման և վերլուծական մտածողության հմտությունների խթանումը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս նրանց ակտիվորեն մասնակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը»: