Նիկոլ Փաշինյան. Մարդիկ տեսնում են, որ այս կառավարությունը, այս իշխանությունը փոփոխության բոլոր ճանապարhները փակել են
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ 2014թ. պետական բյուջեի նախագիծը «հուսահատ է և անողնաշար»: Իր եզրափակիչ ելույթում ՀԱԿ պատգամավորը նշեց, թե Կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս «հարվածային» բառապաշար է օգտագործել և նշեց. «Օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ՝ հանրահռչակել։ Ահա այն բառերը, որոնք դուք կարող եք գտնել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթղթերին ծանոթալիս հարց է առաջանում՝ գործո՞ւմ է այս կառավարությունը, որովհետև ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի՝ աղքատության մասին, բյուջեի ուղերձում որևէ բառ չկա»:
Փաշինյանի դիտարկմամբ՝ փաստաթղթում անդրադարձ չկա, թե ինչքա՞ն է ընթացքիկ տարում աղքատությունը Հայաստանում և ինչքան է դառանալու այդ բյուջեի ծախսման արդյուքնում։ Իսկ նման տխուր պատկերի պատճառն, ըստ պատգամավորի՝ այն է, որ «կառավարությունը փող չունի»:
Փաշինյանը անդրադաձավ Ֆինանսների նախարարի հայտարարության,ը թե «քաղաքականություն է փոխվել» և շեշտեց. «Քաղաքականությունը այնքան հաճախ է փոխվում, որ եզրակացնում ես, որ ձեր կառավարությունը չունի ռազմավարություն»:
Նա հետաքրքրվեց. «Ինչո՞ւ չունի գումար կառավարությունը: Արդյոք երկրում գումար չկա՞: Կա երկրում գումար, գլուխ են գովում, որ բոլոր տողերով եկամուտների ցուցանիշները աճում են, բայց մի տող կա, որ 2001-ից ինչ-որ տարօրինակ դինամիկաներ է ցույց տալիս, դա եկամուտների բաժնում իրավախախտումների համար գործադիր դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցների հոդվածն է, որ եկամուտներ ենք ստանում։ Հիմնականում այստեղ տեղ են գտնում, օրինակ, որ բյուջե են մտնում ՃՈ երթևեկության կանոնների խախտման տուգանքներով։ Ինչո՞ւ է բոլոր հոդվածներով նվազում բյուջեի մուտքերը, այս հոդվածով՝ պակասում, ընդ որում տարբեր դինամիկաներով 2001-ից հետո փաստացի պակասում է, ընդ որում՝ մի պայմանում, բոլորդ ներկա եք, ասեք այդպես չի, որ բոլորս ավելի ու ավելի շատ տուգանք ենք վճարում երթևեկության կանոնների համար։ Այդ ինչպե՞ս է, որ մենք շատ ենք վճարում, բայց բյուջե քիչ է մտնում գումար»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատճառն իր համար պարզ է. «Այդ փողերը տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը»: Հղում կատարելով մամուլի հրապարակումները, նա նշեց, թե այս տարի հավաքվել է 4,2 մլրդ դրամ և հարցրեց. «Իսկ ես ինչ ասում եմ, ասում եք՝ սուտ ա, սուտ ա, ասում եմ՝ ի՞նչն ա սուտ, որ Սերժ Սարգսյանի եղբո՞րն է պատկանում, թե՞ որ բյուջեն պակասում է այս տողով… տենց էլ չպատասխանեցիք էլի, ձեզ թվում է ասենք տենց հեշտա՞ պտտել»:
Նա թեև նշեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ, ըստ նրա՝ այն հուսահատ, անողնաշար բյուջե է, ապա ասաց, թե կա մի փոքր կետ, որը դրական է. «Դա այն է, որ կառավարության ռիսկերի մեջ հնարավոր են համարվել մեր քաղաքական անկայունություները։ Ճիշտ է, մեր քաղաքական անկայունությունն, անկեղծ ասած, այդքան էլ լավ բան չի, բայց երբ համատարած ինչ-որ ճահճային վիճակ է, մարդիկ փորձում են հույս փնտրել այդպիսի տեղերում։ Այս է պատճառը, որ հանրության շրջանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործունեությունը հանրության որոշակի շրջանում դրական արձագանքի է արժանում, որովհետև մարդիկ տեսնում են, որ այս կառավարությունը, այս իշխանությունը փոփոխության բոլոր ճանապարհները փակել են: Ես ուզում եմ ասել, որ սա հատուկ պարտավորություն է դնում ընդդիմության վրա, որովհետև ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին առաջնորդել ոչ թե հուսահատ քայլերի, այլ ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին առաջնորդել հաշվարկված քայլերով և բերել քաղաքացիական, տնտեսական քաղաքական հաղթանակների»: